2 րոպեի ընթերցում
Ամերիկացի երաժիշտ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Վատիկանից հայտնել են, որ հանդիպումը կարճատև է եղել։ Հռոմի պապ երաժշտին վարդարան է նվիրել, իսկ Դիլանը Լևոն XIV-ին է նվիրել իր «Ժամանակագրություններ․ հատոր առաջին» (Chronicles: Volume One) ինքնակենսագրական գրքի օրինակը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Դիլանի նախաձեռնությամբ։ Այս օրերին Իտալիայում Դիլանը հանդես է գալիս համերգներով։ Արդեն կայացել է նրա ելույթը Միլանում, իսկ հաջորդը պետք է տեղի ունենա Հռոմում։
Այցի ընթացքում 85-ամյա երաժշտին ուղեկցել են Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Անտոնիո Սպադարոն և «L'Osservatore Romano» թերթի գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդան։
«L'Osservatore Romano»-ի համար գրած էսսեում Սպադարոն նշել է, որ Լևոն XIV-ը, որի աշխարհիկ անունը Ռոբերտ Պրևոստ է, երիտասարդ տարիքից ծանոթ է եղել Դիլանի ստեղծագործություններին։
Դիլանի համար սա առաջին շփումը չէ Վատիկանի հետ։ 1997 թվականին նա ելույթ է ունեցել Բոլոնիայում կայացած համերգին, որին ներկա է եղել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը։
85-ամյա երաժիշտը, որն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի 2016 թվականին, վերջին տարիներին հազվադեպ է հրապարակայնորեն արտահայտվում կրոնի մասին։ Այդուհանդերձ, 2022 թվականին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա իրեն անվանել է կրոնական մարդ՝ նշելով, որ կարդում է Սուրբ Գիրքը, մեդիտացիա է անում և աղոթում։
Վատիկան այցը կայացել է Դիլանի՝ Իտալիայում նախատեսված համերգների միջև։ Շաբաթվա սկզբին նա ելույթ է ունեցել Միլանում, իսկ հաջորդ համերգը նախատեսված է Հռոմում։