Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել տիեզերքի հետազոտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գործարար ու նորարարական գաղափարների առաջնորդ Քամ Ղաֆֆարիանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ղեկավարը Ղաֆֆարիանին պարգևատրել է նախագահական նստավայրում անցկացված բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
«Այս մրցանակով մենք գնահատում ենք ոչ միայն տեխնոլոգիական ձեռքբերումները, այլև այն մարդկանց, որոնց գաղափարները, համարձակությունը և հետևողական աշխատանքը փոխում են մարդկության պատկերացումները հնարավորի սահմանների մասին։ Պարոն Ղաֆֆարիան, ձեր անցած ճանապարհն իմ նշածի լավագույն օրինակներից է։ 1969 թվականին, երբ դուք դեռ երեխա էիք, հետևել եք Լուսնի վրա մարդու կատարած առաջին քայլերին։ Այդ իրադարձությունը ոգեշնչել է ձեզ՝ ընտրելու գիտության և տիեզերական տեխնոլոգիաների ճանապարհը։
2024 թվականին ձեր համահիմնադրած Intuitive Machines ընկերության Odysseus տիեզերանավը վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ դառնալով վերջին 52 տարվա ընթացքում այդտեղ հայտնված առաջին տիեզերական համակարգը։ Սա շատ տպավորիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մանկության երազանքը վերածվել համաշխարհային նշանակության գիտատեխնոլոգիական նվաճման»,- մրցանկաբաշխության ժամանակ ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Քամ Ղաֆֆարիանը մրցանակը ստանալուց հետո իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի այցելել Հայաստան։ Ղաֆֆարիանը խոստովանել է, որ շատ սիրեց Հայաստանը և անպայման կրկին կայցելի։
«Ես մշտապես այնպես եմ արել, որ իմ տեսլականը դառնա նպատակ։ Իմ նպատակը մարդկության գիտելիքը խորացնելն է։
Ես հավատացած եմ, որ մարդկության համար վերջնական հանգրվանն այլ աստղերն են։ Եթե մենք մեզ չոչնչացնենք, միգուցե մի օր հասնենք այդ այլ աստղերին։ Կարծում եմ՝ սկզբում կարող է լինել տիեզերքից դուրս մի քաղաք, որտեղ մարդիկ կարող են ապրել, աշխատել»,- ասել է Քամ Ղաֆֆարիանը։