3 րոպեի ընթերցում
Իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով հաղորդումներ են ներկայացվել, կան նաև կալանավորված անձինք։ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև իրեղեն ապացույցների բացակայության բազմաթիվ դեպքեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում պատասխանելով պատգամավոր Լիաննա Գասպարյանի հարցին։
Պատգամավորն անդրադարձել է Արտաշատի քննչական ստորաբաժանումում իրեղեն ապացույցի հափշտակության դեպքին։ Գասպարյանի գնահատմամբ՝ խնդիրն առնչվել է ապացույցների պահպանման համար համապատասխան տարածքի բացակայությանը։ Նա հետաքրքրվել է, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում դրանց պատշաճ պահպանությունն ապահովելու համար։
Պողոսյանը նշել է, որ իրեղեն ապացույցների պահպանության խնդրին առնչվել է պաշտոնը ստանձնելուց հետո՝ տարբեր ստորաբաժանումներում հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում։
«Բազմաթիվ դեպքեր ենք հայտնաբերել, երբ իրեղեն ապացույցները չկային։ Պարզապես իրեղեն ապացույցը կորել էր»,- ասել է ՔԿ նախագահը՝ հավելելով, որ նման խնդիրներ արձանագրվել են նաև տարբեր մարմիններից քրեական վարույթները փոխանցելու ընթացքում։
Անդրադառնալով պատգամավորի մատնանշած հափշտակությանը՝ Պողոսյանը պարզաբանել է, որ դեպքը տեսախցիկների միջոցով արձանագրել է կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը, իսկ հափշտակությունը կատարել է պահպանություն իրականացնող անձը։
«Բայց դա քննիչ չի, պահպանություն իրականացնող անձն էր կոնկրետ հափշտակել այդ իրեղեն ապացույցները։ Բայց քննիչներ էլ ունենք, երբ հափշտակել են իրեղեն ապացույցները, և դրանց վերաբերյալ մենք հաղորդումներ ենք ուղարկել, և հիմա կալանավորված անձինք էլ կան»,- հայտնել է նա։
ՔԿ նախագահի խոսքով՝ առգրավված դրամական միջոցների և թանկարժեք գույքի պահպանությունը կազմակերպելու նպատակով պայմանագրեր են կնքվել բանկերի հետ։ Մշակվել է նաև ներքին իրավակարգավորում, որը, նրա գնահատմամբ, նվազագույնի է հասցրել իրեղեն ապացույցների կորստի հավանականությունը։
Պողոսյանն առանձնացրել է նախկին տարիների քրեական գործերով ապացույցների բացակայության խնդիրը։
«Հիմա ես, օրինակ, չբացահայտված սպանությունների մասին եմ խոսում, երբ 90-ական թվականներից գործ կա, ես տեսնում եմ, որ իրեղեն ապացույց է առգրավված, օրինակ՝ հանցագործության գործիքը։ Երբ գնում ենք հետևից, ես պարզում եմ, որ այդ իրեղեն ապացույցը չկա։ Այդպիսի դեպքեր ունենք»,- նշել է նա։
Պողոսյանը հայտնել է նաև, որ Քննչական կոմիտեի երկրորդ վարչական մասնաշենքում նախատեսվում է իրեղեն ապացույցների պահպանման համար մեծ տարածք առանձնացնել։ Նրա ներկայացմամբ՝ այնտեղ նախատեսվում է կազմակերպել ամբողջ կոմիտեի իրեղեն ապացույցների պահպանությունը։