ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ
5 րոպեի ընթերցում
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պարզաբանմամբ՝ տնտեսական բնույթի հանցագործությունների քննության ընթացքում տարածքների կապարակնքման անհրաժեշտություն է առաջանում ապացույցները պահպանելու և գույքագրման աշխատանքներ իրականացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանն այս մասին հայտնել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին։
Նրա խոսքով՝ գույքագրումն ավարտելուց հետո ժամանակավոր սահմանափակումները վերացվում են։
Խամոյանը նշել է, որ վերջին ամիսներին մի քանի տասնյակ ընկերությունների տարածքներ են կապարակնքվել, և ինքը Քննչական կոմիտեից խնդրել է ներկայացնել այդ գործողությունների իրավական հիմքերը։ Պատգամավորը, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված քննչական գործողությունները, հարցրել է, թե դրանցից ո՞րի շրջանակում է իրականացվում կապարակնքումը։
Նա անդրադարձել է նաև սահմանափակումների տևողությանը՝ նշելով, որ իր գրավոր հարցմանն ի պատասխան՝ դրանք բնութագրվել են որպես ժամանակավոր սահմանափակումներ։
«Ես ուզում եմ հասկանալ՝ Քրեական դատավարության օրենսգրքով ժամանակավոր սահմանափակում եզրույթն ի՞նչ է նշանակում։ Դա մի օ՞ր է, երկու օ՞ր է, երեք օ՞ր է, մի ամի՞ս է, մի տարի՞ է։ Ի՞նչ է նշանակում ժամանակավոր սահմանափակում»,- հարցրել է Խամոյանը՝ պնդելով, որ այդ գործողությունների հետևանքով խախտվել են նաև երրորդ անձանց՝ աշխատանքի և վարձատրության իրավունքները։
ՔԿ նախագահը պատասխանել է, որ առանձին դեպքերի փոխարեն ներկայացնում է ընդհանուր ընթացակարգը։ Նրա խոսքով՝ տնտեսական բնույթի հանցագործությունների քննության ընթացքում խուզարկություններից հետո կարող է անհրաժեշտություն առաջանալ կազմակերպություններում գույքագրում իրականացնելու։
ՔԿ նախագահը որպես իրավական հիմք վկայակոչել է Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նշելով, որ իրեղեն ապացույցների պահպանման համար նախատեսված է նաև դրանք կնքելու հնարավորություն։
«Քննիչը ղեկավարվում է այս դրույթով, որպեսզի հետագայում սա չհանգեցնի որևէ ապացույցի կամ ապացուցողական նյութի անտեղի կորստի։ Դրանից հետո հարկային մարմինը, որի որոշմամբ նշանակվել են այդ գույքագրման աշխատանքները, անխոչընդոտ իրականացնում է իր գործառույթը։ Երբ գույքագրման աշխատանքներն ավարտում են, դրանից հետո մենք վերացնում ենք այդ ժամանակավոր սահմանափակումները։ Այսինքն՝ օրենքով նախատեսված է կնիքելու հնարավորություն»,- ասել է Պողոսյանը։
Արձագանքելով՝ Խամոյանը պնդել է, որ խուզարկությունը որոնողական գործողություն է, որն ունի սկիզբ և ավարտ, իսկ դրա իրականացման ձևը չի կարող կամայականորեն փոխվել։ Նա նաև հայտարարել է, որ սահմանափակումների հետևանքով տնտեսվարողները վնասներ են կրում։
Պողոսյանը պատասխանել է, որ կապարակնքումը չի ներկայացրել որպես քննչական գործողության առանձին տեսակ։ Նա ընդգծել է նաև, որ գույքի արգելադրումն ու այն իրեղեն ապացույց ճանաչելը տարբեր ընթացակարգեր են՝ տարբեր իրավական հետևանքներով։
Ընկերությունների տարածքների կապարակնքումների շուրջ իրավական վեճերը վերաբերում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին առնչվող և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսների։
Հոկտեմբերի 1-ին փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել էր, որ Սեդրակ Քոչարյանին առնչվող չորս ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, իսկ քննիչների համապատասխան որոշումները բողոքարկվել են դատարանում։ Հրապարակման համաձայն՝ կապարակնքված տարածքների թվում էին «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։ Օրբելյանը վիճարկել էր խուզարկությունից հետո տարածքները երկար ժամանակ փակ պահելու իրավական հիմքերը՝ ընդգծելով նաև աշխատակիցների եկամուտների վրա սահմանափակումների ազդեցությունը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովիկ Սուքիասյանը հոկտեմբերի 7-ին հայտնել էր, որ դատարանը բավարարել է «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումների դեմ ներկայացված բողոքները։