Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ամսաթիվը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 10-11-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Միացյալ Նահանգները որպես միջնորդ հանդես կգա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում անցկացվող աշխատանքային մակարդակով բանակցություններում՝ առաջ մղելով նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու առաքելությունը», - գրել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ քննարկումները կկենտրոնանան «հետպատերազմյան անվտանգության միջոցառումների, լարվածության թուլացման, հումանիտար ջանքերի և դեպի խաղաղություն տանող հաջորդ քայլերի վրա»։

Բացի այդ, նա նշել է, որ ամերիկացի բանակցողներն այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի անվտանգության հետպատերազմյան ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու տնտեսական հնարավորությունները»։

«Մենք ակնկալում ենք զարգացնել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացը՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, որն ամուր անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար», - եզրափակել է Ուիթքոֆը։

Ըստ Axios լրատվական հարթակի՝ եռակողմ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները։

Հայերեն Русский