Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ
2 րոպեի ընթերցում
Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծրագրի հնարավոր դադարեցման վերաբերյալ հարցին։
Թորոսյանը պարզաբանել է, որ ծրագիրը կարգավորող կառավարության որոշումն ունի գործողության ժամկետ, և այժմ շրջանառվում է այն երկարաձգելու նախագիծը։
«Մենք հենց հիմա շրջանառում ենք այդ որոշումը առնվազն երեք տարով երկարացնելու որոշումը։ Այն պարզապես պետք է ունենա ժամկետ։ Եթե երեք տարի հետո որոշենք այնտեղ բաներ փոխել, դա լինելու է միայն բարձրացման ուղղությամբ»,– ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև կենսաթոշակների բարձրացման տարբեր մոտեցումներ՝ հիմնական կենսաթոշակի ավելացման և հետվճարի գործիքի կիրառման հարաբերակցության տեսանկյունից։ Նա նշեց, որ հետվճարն ունի նաև անկանխիկ վճարումները խրախուսելու նշանակություն։
Անդրադառնալով ծրագրի շահառուներին՝ Թորոսյանը հայտնեց, որ հետվճարից օգտվողների թիվը հասել է 572 հազար 590-ի, իսկ ստացած հետվճարի միջին չափը կազմում է շուրջ 8200 դրամ։ Նրա խոսքով՝ ծրագրից օգտվողների թիվն ամեն ամիս ավելանում է։
Լրագրողները բարձրացրին նաև առևտրի կետերում ՊՈՍ-տերմինալների հասանելիության հարցը։ Նախարարի գնահատմամբ՝ հետվճարի մեխանիզմն ինքնին պետք է խրախուսի խանութներին ապահովել անկանխիկ վճարելու հնարավորություն, քանի որ նման հնարավորություն ունեցող առևտրի կետերը մրցակցային առավելություն են ստանում։