Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

4 րոպեի ընթերցում

Green Rock հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան Փարիզում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում ստացել է «Silver Stevie® Award» մրցանակը։ 

Մրցանակը շնորհվել է «The 23rd Annual International Business Awards®» մրցանակաբաշխության շրջանակում՝ «A Replicable Blueprint for Small-Town Renewal» («Փոքր քաղաքի վերափոխման վերարտադրելի մոդել») անվանակարգում։ 

Միջազգային հեղինակավոր International Business Awards մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններ։ 2026 թվականի մրցանակակիրներին ընտրել միջազգային ժյուրին, որը կազմված էր ավելի քան 300 գործադիր ղեկավարներից։ Գնահատման գործընթացը տևել է երկու ամիս։ 

Մրցանակին արժանացած հայտում ներկայացված է Green Rock հիմնադրամի կողմից Դիլիջանում ձևավորվող և իրականացվող համայնքային զարգացման մոդելը։ Այն միավորում է կրթության, մշակույթի, բնապահպանության, քաղաքային կերպարի ձևավորմանը և համայնքային կյանքի զարգացմանն ուղղված փոխկապակցված ծրագրեր։ Մոդելի հիմքում այն գաղափարն է, որ Դիլիջանում մշակվող նախաձեռնություններն ու մոտեցումները կարող օրինակ են ծառայել Հայաստանի այլ փոքր քաղաքների զարգացման համար։ 

«Մեր մոտեցումն այն է, որ Դիլիջանն առաջին հերթին պիտի ցանկալի և հարմար բնակավայր լինի իր բնակիչների համար՝ դրանով նաև գրավիչ դառնալով նոր բնակիչների ու զբոսաշրջիկների համար։ Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Stevie Awards-ի ժյուրիին՝ այս մոտեցումը գնահատելու համար, մեր հիմնադիրներին՝ մեր ծրագրերին հավատալու և դրանք կյանքի կոչելու հնարավորությունն ընձեռելու համար, ինչպես նաև Դիլիջանի բոլոր այն մարդկանց, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս գաղափարները դառնում են իրականություն։ Այս մրցանակը նույնքան նրանցն է, որքան մերը», - նշել է Կատյա Բրեդիխինան։ 

Հիմնադրամի գործունեությունն արդեն իսկ ունի չափելի արդյունքներ։ 2025 թվականին իրականացվել է շուրջ 60 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 20․000 մարդ։ Հիմնադրամի աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգված Դիլիջանի մարզահամալիրն այսօր ծառայում է ավելի քան 400 երեխայի։ 

Հիմնադրամի ծրագրերի և նախաձեռնությունների շարքում են «Ապիցիուս Արմենիա»-ն՝ Ֆլորենցիայի Apicius-ի հետ համագործակցությամբ ստեղծված հյուրընկալության միջազգային դպրոցը, «Next Gen» համայնքային նախաձեռնությունը, «Դիլիջանի քաղաքային կերպարի բարելավման հայեցակարգը» (Dilijan Urban Design Framework), «Դիլիջանի 100 կանայք» (100 Women of Dilijan) և «DiliDogs City» ծրագիրը։ 

Green Rock հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականի հունիսին՝ Green Rock Management Group-ի կողմից։ Հիմնադրամն իր գործունեության առաջին տարին նվիրել է ռազմավարության մշակմանը, ապա սկսել ծրագրերի իրականացումը։ Green Rock Management Group-ը Դիլիջանում զարգացնում է ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ հիմնադրամը կենտրոնանում է համայնքի կարողությունների զարգացման վրա՝ նպաստելով, որ այդ ենթակառուցվածքները հնարավորինս արդյունավետ ծառայեն բնակիչներին։ 

Հայերեն

Բանաստեղծուհի Աննա Եղոյանը «Տրիգեր» պոետիկ երեկոյով հանդես կգա Երևանում

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով նոր զոհեր են գրանցվել

«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում, Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերում

Ֆինանսների նախարարը 2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը