Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

11 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի պաշտպանությունը միայն բնապահպանական քաղաքականության խնդիր չէ. այն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքներին, հանրային անվտանգությանը, կյանքի որակին և ապագա սերունդների բարեկեցությանը։ COP17-ի շրջանակում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում տարբեր երկրների բարձրաստիճան դատավորներն ու միջազգային փորձագետները քննարկեցին շրջակա միջավայրի պաշտպանության, բնապահպանական արդարադատության ապահովման և այդ գործընթացում դատական համակարգի դերակատարության բարձրացման հարցերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական համակարգի դերը շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական արդարադատության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում բանախոսները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում բնապահպանական իրավախախտումների դեմ պայքարին, դատական պաշտպանության արդյունավետության բարձրացմանը և միջազգային փորձի փոխանակմանը։

Միջոցառմանը մասնակցեցին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Վճռաբեկ և Վարչական դատարանների, ԲԴԽ-ի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրազիլիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Նեպալի, Քենիայի և այլ երկրների բարձրաստիճան դատավորներ, դատական խորհուրդների անդամներ, ՄԱԿ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, կարևորելով բնապահպանական խնդիրների լուծման գործում դատական համակարգի դերակատարությունը, ընդգծեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն այսօր բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում է։

«Մենք պատասխանատվություն ունենք ոչ միայն մեր, այլև ապագա սերունդների առջև։ Երեկ և այսօր միջազգային գործընկերների աջակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ տարբեր երկրների դատավորներ, որոնք այս ոլորտում կուտակած մեծ փորձ ունեն։ Սա հնարավորություն է փոխանակելու այդ փորձը, ճիշտ թիրախավորելու առկա խնդիրները, հասցեագրելու դրանք և գտնելու արդյունավետ լուծումներ»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով Հայաստանում բնապահպանական արդարադատության ոլորտում առկա բացերին՝ Գալյանը նկատեց, որ դրանք տարբեր են՝ կախված իրավական հարաբերությունների բնույթից։

Նրա խոսքով՝ վարչարարության և վարչական դատավարության ոլորտում առաջնային խնդիրներից մեկը պետության, բիզնեսի և քաղաքացու շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովումն է։

«Մենք խնդիր ունենք գտնելու արդարացի հավասարակշռություն պետության, բիզնեսի և քաղաքացու շահերի միջև։ Կարևոր է նաև, որ դատավորները կարողանան պահպանել այդ հավասարակշռությունը և ժամանակին որոշումներ կայացնեն։ Երեկ առիթ եմ ունեցել խոսելու գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտության մասին և ընդգծելու, որ ուշացած արդարադատությունն իրականում հավասարազոր է արդարադատության չիրականացմանը»,- ասաց Գալյանը։

Նախարարը շեշտեց, որ քաղաքականություն մշակողի տեսանկյունից նպատակն է ապահովել բոլոր դատական գործերի, այդ թվում՝ բնապահպանական խնդիրներին առնչվող վեճերի ժամանակին լուծումը՝ պահպանելով շահերի արդարացի հավասարակշռությունը։

Անդրադառնալով քրեական արդարադատության ոլորտին՝ Գալյանը նշեց, որ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները հաճախ պատշաճ ուշադրության չեն արժանանում և ոչ միշտ են բացահայտվում։ Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն այն է, որ նման հանցագործությունները հաճախ կատարվում են իրավաբանական անձանց, այդ թվում՝ խոշոր կորպորացիաների կողմից, մինչդեռ Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը դեռևս բավարար չափով զարգացած չէ։

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել զարգացնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը»,- ընդգծեց նախարարը։

Հարցին՝ արդյոք նոր Սահմանադրության մեջ կենսաբազմազանության պահպանությանն ավելի մեծ տեղ կհատկացվի, Գալյանը պատասխանեց, որ հարցը դեռ պետք է քննարկվի։

«Առնվազն այս պահին կարող եմ ասել, որ գործող սահմանադրական նորմերից հետընթաց չի լինելու։ Առաջընթացը, եթե ոչ Սահմանադրության համատեքստում, ապա օրենսդրական նախաձեռնությունների տեսքով հաստատապես կարձանագրվի»,- նշեց նա։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն իր ելույթում ընդգծեց, որ համաժողովն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն հանգամանքով պայմանավորված, որ անցկացվում է COP17-ի շրջանակում։

«Համոզված եմ, որ այս քննարկումը կարևոր հնարավորություն է՝ ընդգծելու դատական իշխանության դերը բնապահպանական նպատակների իրագործման, իրավական պարտավորությունների կատարման և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանության գործում»,- նշեց Աթաբեկյանը։

ԲԴԽ նախագահը շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի սահմանափակվում միայն բնապահպանական քաղաքականությամբ, այլ  նաև անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային անվտանգությանը, կյանքի որակին և ապագա սերունդների շահերին։

Նրա գնահատմամբ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի դատական իշխանության դերը՝ իրավունքի գերակայության և արդյունավետ դատական պաշտպանության ապահովման տեսանկյունից։

Աթաբեկյանը նշեց, որ դատարանների դերակատարությունը բնապահպանական արդարադատության ապահովման գործում դրսևորվում է բնապահպանական օրենսդրության կիրառմամբ, իրավական վեճերի լուծմամբ, ինչպես նաև օրենքով պաշտպանվող իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության միջոցով։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու տարբեր երկրների դատական համակարգերում ձևավորված մոտեցումները, կատարելագործելու իրավական լուծումները և բացահայտելու բնապահպանական արդարադատության զարգացման նոր հնարավորություններ։

Նա հատկապես կարևորեց տարբեր երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական երկխոսությունը՝ նկատելով, որ բնապահպանական խնդիրները հաճախ դուրս են գալիս ազգային սահմաններից և պահանջում միջազգային համագործակցություն ու համատեղ պատասխանատվություն։

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր, Շրջակա միջավայրի հարցերով դատական համաշխարհային ինստիտուտի նախագահ Անտոնիո Հերման Բենջամինը՝ ընդգծելով, որ  մասնակիցները հավաքվել են քննարկելու մարդկության և մոլորակի ապագայի համար կարևորագույն հարցերից մեկը՝ շրջակա միջավայրի և կյանքի բոլոր ձևերի պաշտպանությունը։

«Այսօր մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր կյանքի կարևորագույն հարցերից մեկը։ Եվ երբ ասում եմ «մեր կյանքը», նկատի ունեմ կյանքի ամբողջ համայնքը՝ մեզ և այս մոլորակի բոլոր կենդանի էակներին։ Հենց այդ կենդանի էակներն են հնարավոր դարձնում մեր գոյությունը։ Թթվածինը, մաքուր ջուրը, կլիմայական համակարգը, կենսաբազմազանությունը՝ այս ամենը մեր քննարկման առարկան է»,- նշեց Բենջամինը։

Նա կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես միջազգային ճանաչում ունեցող դատավորների, այնպես էլ հայաստանյան մասնագետների փորձին։

Իր ելույթում Հերման Բենջամինն անդրադարձավ նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը՝ հիշատակելով նաև հին հայկական դիցաբանության Միհր աստվածությանը, որը կապված էր արդարության գաղափարի հետ։ 

«Ինչո՞ւ եմ հիշատակում Միհրին։ Որովհետև այսօր մենք այստեղ քննարկելու ենք իրավունքի գերակայությունը։ Սա է մեր միջոցառման գլխավոր թեման։ Խոսքը շրջակա միջավայրի մասին է, սակայն ոչ միայն որպես առանձին ոլորտի, այլև դրա հետ կապված իրավական հարցերի»,- ընդգծեց Բենջամինը։

Նա նշեց, որ միջազգային համաժողովի շրջանակում մասնակիցները քննարկում են բնապահպանական իրավունքի զարգացման, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանության իրավական մեխանիզմների կատարելագործման, բնապահպանական վեճերի քննության առանձնահատկությունների, ինչպես նաև դատական պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը։

«Դատական համակարգի դերը շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական արդարադատության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովը

Անտոնիո Հերման Բենջամին

«Դատական համակարգի դերը շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական արդարադատության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովը

Արթուր Աթաբեկյան

«Դատական համակարգի դերը շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական արդարադատության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովը

Սրբուհի Գալյան

Հայերեն English Русский

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում