1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։
Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին։