ԱԺ նախագահը խորհրդարանում ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին
4 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և պատգամավոր Գառնիկ Դավթյանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցերին։
«Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը։ Հիշեցնեմ՝ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել, որպեսզի հարվածի նրան։ Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսվել ծեծկռտուքը։ Ամբողջովին աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, որը արել է այն, ինչ արել է»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահը հիշեցրել է խորհրդարանում բարեկրթության կանոններ պահպանելու վերաբերյալ իր նախկին առաջարկը՝ նշելով, որ ՔՊ-ն նախընտրում է այդ ճանապարհը։ Միաժամանակ նա պնդել է, որ իշխող խմբակցության պատգամավորները պատասխանել են իրենց նկատմամբ կատարված գործողություններին։
Անդրադառնալով անվտանգության աշխատակիցներին ուշ հրավիրելու վերաբերյալ քննադատությանը՝ Ռուբինյանը հայտարարել է, որ նրանց հրավիրել է ծեծկռտուքի սկսվելու պահին։ Նրա ներկայացմամբ՝ մինչ այդ պատգամավորները կանգնած էին և բարձրաձայն խոսում էին։
«Ես ուզեցել եմ նախ, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում։ Երկրորդը՝ այդ ժամանակ ծեծկռտուք չկար»,- ասել է նա՝ հավելելով, որ ֆիզիկական բախման սկսվելուց հետո ընդմիջում է հայտարարել և անվտանգության աշխատակիցներին հրավիրել դահլիճ։
Ռուբինյանը հերքել է նաև ընդդիմության պնդումները, թե միջադեպը նախապես կազմակերպված էր։ Նա հակադարձել է, որ ինքն ընդդիմադիր պատգամավորներին չի հրահանգել վիրավորել կամ հարվածել ելույթ ունեցող պատգամավորին։
ԱԺ նախագահը հայտնել է, որ միջադեպին պատգամավորների օգնականների հնարավոր մասնակցության մասին տեղեկությունների ստուգումը դեռ ընթացքի մեջ է։
«Կան պնդումներ, որ իրականում թիկնապահներին գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում։ Եվ ես շատ խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով չհետևեց կանոններին, ուղղակի մուտք չի ունենալու Ազգային ժողով՝ առնվազն»,- նշել է նա։
Հոկտեմբերի 29-ին Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթին հաջորդել են վիճաբանություն, հրմշտոց և ծեծկռտուք իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև։ Բախումը շարունակվել է նաև խորհրդարանի նիստերի դահլիճին կից միջանցքում այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում էր հայտարարել ու դահլիճ էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին։