ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

3 րոպեի ընթերցում

2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո արձանագրվել է ընտանեկան բռնության կրկնման 93 դեպք, իսկ անհետաձգելի միջամտության որոշում կիրառելուց հետո՝ 316 դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովում անդրադառնալով ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթին։

«Հատուկ առանձնացրել եմ հատկապես 2026 թվականի վիճակագրությունը և ուզում եմ նշել, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո բռնության կրկնման դեպքերի թիվը եղել է 93-ը։ Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելուց հետո բռնության կրկնման դեպքերի թիվը եղել է 316-ը»,-նշել է նախարարը։

Սարգսյանը հայտնել է նաև, որ նույն անձանց միջև երկրորդ և ավելի անգամ բռնության արձանագրման դեպքերը 2025 թվականին եղել են 343-ը, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 230-ը։

Նախարարի գնահատմամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում առկա են խնդիրներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում։ Նա ընդգծել է, որ օրենսդրական բացերի վերացումը կարևոր է դեպքերի լիարժեք քննությունն ու բռնություն գործադրած անձանց պատասխանատվությունն ապահովելու համար։

Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն անդրադառնում են նաև այն մեխանիզմներին, որոնք հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից կամ արժանանալ ավելի մեղմ պատասխանատվության միջոցի։

Նախարարը կարևորել է բռնություն գործադրած անձանց հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ տուժողների իրավունքների պաշտպանության հետ մեկտեղ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև բռնարարների վարքագծի փոփոխությունը։ Այդ նպատակին են ուղղված փաթեթով նախատեսվող վերականգնողական ծրագրերը։

Անդրադառնալով թեմայի շուրջ հանրային քննարկումներին՝ Սարգսյանը կոչ է արել զգուշավոր և հոգատար լինել ձևակերպումներում։

«Մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը և հատկապես նաև այն անձինք, որոնք դեռևս համարձակություն չունեն իրենց մեջ՝ դիմելու իրավապահ համակարգին և բարձրաձայնելու իրենց հետ տեղի ունեցածը։ Եվ ես հուսով եմ, որ Ազգային ժողովի բոլոր գործընկերները հենց այս հոգածությամբ կվերաբերվեն թեմային»,-ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում։ Նա շնորհակալություն է հայտնել նախագծի հեղինակներ Զարուհի Բաթոյանին, Ծովինար Վարդանյանին և Սոնա Ղազարյանին։

Հայերեն Español