ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը
3 րոպեի ընթերցում
Մոլորվելու հետևանքով սահմանը հատելու դեպքեր կարող են լինել նաև Հայաստանի կողմից, իսկ նման իրավիճակների կառավարումը պետք է բարելավել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում նախարարն արձագանքել է պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին։
Պատգամավորը, անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին, հետաքրքրվել է Հայաստանի սահմանապահ կարողություններով և դրանց զարգացմանն ուղղված՝ ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությամբ։
Միրզոյանը նախ ընդգծել է, որ համաձայնագրով սահմանների կառավարման, սահմանային ու մաքսային վերահսկողության պատասխանատվությունը պատկանում է Հայաստանին։
Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ նախարարը տեղի ունեցածը ցավալի է համարել և նշել, որ ադրբեջանցի զինծառայողի գործողությունների հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ։ Նա ընդգծել է, որ պետք է պահպանվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, և մեղավորությունն ապացուցվելու դեպքում անձը պետք է պատիժ կրի։
Այնուհետև Միրզոյանն անդրադարձել է մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցի հովվի դեպքին։
«Հավատացնում եմ ձեզ՝ եղել են և վստահ կարող եմ ասել՝ կլինեն ապագայում դեպքեր, երբ մեր կողմից հովիվ կլինի, զինվոր կլինի՝ մոլորվի։ Բայց սա նշանակում է, որ, ինչպես ասում եք, բացեր կան, և պետք է սահմանների կառավարումը լավարկել»,-ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, իսկ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ևս կարող է նպաստել սահմանների կառավարման բարելավմանը՝ առանց Հայաստանի իրավազորությունը խաթարելու։
Նա միաժամանակ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի մեծ մասի հսկողությունը երկու կողմում էլ իրականացվում է զինված ուժերի, այլ ոչ թե սահմանապահ ծառայությունների կողմից։ Որպես սահմանապահների ծառայության օրինակ՝ նախարարը հիշատակել է սահմանազատված Կիրանցի հատվածը՝ այն գնահատելով որպես դրական փորձ։
ԱԱԾ-ն հոկտեմբերի 26-ին հայտնել էր, որ մոլորվելու հետևանքով Տավուշի մարզում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջան և փոխանցվել այդ երկրի իրավասու մարմիններին։