1 րոպեի ընթերցում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն առանձնակի կարևորում է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ի բրոնզե մեդալը:
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ եմ այս մեդալի համար։ Առաջինը ես էի կատարելու վարժությունը, սակայն ելույթիցս այնքան էլ գոհ չէի։ Մինչև վերջին պահը կասկածում էի՝ մեդալ կունենա՞մ, թե՞ ոչ։ Աստծո կամքն էր, որ ինձ հաջողվեց մեդալ նվաճել այս առաջնությունում, քանի որ օղակների վարժությունում հազվադեպ է լինում, որ մարզիկները շատ սխալներ թույլ տան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիսյանը։
Մարմնամարզիկի խոսքով` աշխարհի առաջնությանը մասնակցելիս հստակ նպատակ ուներ մեդալ նվաճելու, և իրեն հաջողվել է հասնել նպատակին:
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ: