5 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Դիանա Անդրոմեդա, «Էքմեա»
«Էքմեա»-ն հանդգնել է պատմել «Պատերազմ» բառը՝ հողի աչքերով: Փորձել է վերլուծել աշխարհի գոյացման ու կառավարման վարկածները էմպիրիկ, կրոնական ու կոնսպիրոլոգիական տեսանկյուններից ու դա արել է անամոթաբար: Որովհետև ձեզ հետ անհամարձակ խոսելու վստահություն չունի: Կարծում է, որ վստահ է, որ բացատրել է մարդկայինը անմարդկային իրավիճակներում: Ու չնայած բազմահերոսությանը՝ գլխավորները Դուք եք, ու գուցե գերազանցեք գրքիններին։ Խորհրդանիշներն էլ, որքան էլ անշունչ, լավ էլ խաղում են իրենց դերերը, որպեսզի Ձեզ մոտ լավ ստացվի Ձերը՝ ընթերցողինը։ Ինչո՞ւ ընթերցել: Անելանելի պահերի համար, որ ունենում եք, որ մտածում եք, նվազագույնը դժոխքի վրա օվկիանոս լցնելն է, որ լուծվի։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Շարիֆ Մաժդալանի, «Անունն արքայաց»
Գրքի պատանի հերոսն ապրում է թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով։ Նա ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ու կարգը, որոնք իրեն հեռու են պահում իրական աշխարհից։ Իրական աշխարհում 1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։ Ընտանեկան հավաքույթները, ամառները՝ լեռներում, առաջին սերը, երկար զրույցներն ու խաղերը շարունակվում են, և կարծես ոչինչ չի կարող խախտել այդ կյանքը։ Բայց պատերազմն արդեն մոտ է, սկզբում՝ որպես հազիվ նկատելի ստվեր, հետո՝ որպես առօրյան հիմնովին փոխող իրականություն։ Երբ պատանու երևակայական թագավորությունների կողքին սկսում է փլուզվել իր իսկ երկիրը, ավարտվում է նաև նրա մանկությունը։ «Անունն արքայաց» գիրքն ինքնակենսագրական պատում է կորսված Լիբանանի, պատանեկության ավարտի և հուշի մասին։ Թարգմանիչ՝ Վահագն Աթաբեկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն
Մարիա Անա Պեյշե Դիաս, Ինես Տեյշեյրա դու Ռոզարիու, Բեռնարդու Պ. Կառվալյու,
Դրսում։ Բնությունը բացահայտելու ուղեցույց
Քեզ շրջապատող աշխարհի գաղտնիքները «Դրսում» են։ Պատկերացրու այն ժամանակները, երբ չկային տներ, էլեկտրականություն կամ սալարկված ճանապարհներ, և մարդն ու բնությունը ապրում էին անբաժանելի կապի մեջ։ Պատկերացրու, թե ինչպես կարելի էր ապրել՝ շրջապատված կենդանիներով, որոնք ուզում են ուտել քեզ։Հազարավոր տարիներ շարունակ մենք սովորել ենք հասկանալ բնության լեզուն. այն եղել է մեր ընկերը, թշնամին, մեր գոյության աղբյուրը, բայց միևնույն ժամանակ՝ խորհրդավոր, անկառավարելի ու հզոր մի աշխարհ։
«Դրսում» գիրքը սովորեցնում է դուրս գալ տնից, ուշադիր դիտարկել, հարցեր տալ և տեսնել այն ամենը, ինչը առաջին հայացքից աննկատ է։
Ի՞նչ կբացահայտեք այս գրքում
Հետքերի ու նշանների վերծանում. Ինչպե՞ս հասկանալ կենդանիների թողած հետքերը, տարբերել սողունների տեղաշարժումն ու ճանաչել, թե ով է կրծոտել կոնն ու պնդուկները։
Բնության անհավանական փաստեր. Քանի՞ սիրտ ունի փոքրիկ որդը, ինչպե՞ս են լուսատտիկները լույս արձակում, որտե՞ղ են թաքնված խխունջի աչքերը և ինչպե՞ս է շաքար գոյանում ծառի տերևներում։
Անվտանգություն և հարմարավետություն. Ինչպե՞ս ճիշտ հարաբերվել բնության հետ, ի՞նչ վերցնել ձեզ հետ «կանաչ զբոսանքների» ժամանակ և ինչի՞ց է պետք խուսափել։
Հոգատարություն և հետազոտողի մտածողություն. Գիրքը զարգացնում է դիտողականությունն ու հետաքրքրասիրությունը՝ ցույց տալով, որ ամեն մի տերև, փետուր կամ փոքրիկ ոտնահետք կարող է մի ամբողջ պատմություն պատմել։
Գիրքը նախատեսված է բոլոր փոքրիկ ու մեծ հետազոտողների համար, ովքեր սիրում են բնությունը, ուզում են անվտանգ ուսումնասիրել շրջակա միջավայրն ու ավելի մոտիկից ճանաչել բույսերին ու կենդանիներին։
Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը