Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան
8 րոպեի ընթերցում
Հայաստանը կարևորում է տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանության համադրումը՝ միջազգային համագործակցության, նորարարության և բնությանը նպաստող բիզնես մոդելների զարգացման միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում անցկացվող Business and Biodiversity Forum-ի բացման ելույթում նշեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն՝ շեշտելով, որ համաժողովը միավորել է կառավարությունների, բիզնես առաջնորդների, ֆինանսական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների՝ քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ինչպես համատեղել տնտեսական զարգացումը էկոհամակարգերի պաշտպանության և վերականգնման հետ, այն էկոհամակարգերի, որոնցից կախված է մարդկանց բարեկեցությունը և անգամ գոյատևումը:
«Չնայած աճող իրազեկվածությանը և կարևոր հանձնառություններին՝ կենսաբազմազանության կորուստը շարունակվում է, և մեր համատեղ առաջընթացը դեռևս չի հասնում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ մակարդակին։ Սա մեզ հանգեցնում է կենտրոնական հարցին։ Ես հավատացած եմ, որ բիզնեսը պետք է լուծման անբաժանելի մասը լինի»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը պատմական և հիմնարար վերափոխման փուլում է։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ՝ Հայաստանը ձգտում է դառնալ այն կապող խաչմերուկը, որը համապատասխանում է իր աշխարհագրական դիրքին՝ միավորելով Սև և Կասպից ծովերը, Պարսից ծոցը, Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։
«Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, ըստ Միրզոյանի, ենթադրում է նաև գործընկերությունների և առևտրային կապերի բազմազանեցում։ Նա ընդգծել է, որ այսօր բազմազանեցումը շատ երկրների համար դիմակայունության ռազմավարություն է, քանի որ բազմաթիվ գործընկերներ ունեցող երկիրը չի կարող կախված լինել միայն մեկ շուկայից։
«Հետևաբար, Հայաստանի տնտեսությունը փոխվում է, դիվերսիֆիկացվում են արտադրանքի, գնումների և վաճառքի ուղղությունները։ Հատկապես զարգանում են զբոսաշրջությունն ու տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը դառնում է արհեստական բանականության և նորարարական նախագծերի կենտրոն։ Աճում է նաև Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպական միություն և Պարսից ծոցի երկրներ, իսկ ԵՄ-ի հետ նոր օրակարգը նոր հնարավորություններ է բացում։
Միրզոյանը նշել է, որ «Standard & Poor’s»-ի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական միջին աճը 2022-2025 թվականներին կազմել է 7.8 տոկոս, ինչը գնահատված 143 երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներից է»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 8 տոկոսով, իսկ հունվար-հուլիսին աճը կազմել է 7.7 տոկոս։
Միևնույն ժամանակ, նախարարը կարևորել է աշխարհի հետ փոխկապակցվածությունը՝ այն համարելով արտաքին անվտանգության ապահովման գործիք։ Նրա խոսքով՝ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է երկիրը դարձնել համաշխարհային մատակարարման շղթաների և տնտեսական շրջանառության կարևոր մաս՝ նպաստելով նաև անվտանգության ու կայունության ամրապնդմանը։
«Քանի որ մենք խոսում ենք բիզնեսի և կենսաբազմազանության փոխկապակցվածության մասին, ես հատկապես կշեշտեի, որ միջազգային առևտուրը կարող է նպաստել կայուն զարգացմանը՝ տեխնոլոգիաների, գիտելիքի և արտադրանքի փոխանակման միջոցով։ Դրանք հնարավորություն են տալիս զարգացնել ավելի արդյունավետ և շրջակա միջավայրի համար պատասխանատու արտադրություն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ առևտուրն ու ներդրումները կարող են նաև երկրներին հասանելի դարձնել կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները։
«Մեր խնդիրն է ապահովել, որ միջազգային տնտեսական համագործակցությունը գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ։ Միևնույն ժամանակ, կենսաբազմազանության նպատակները չպետք է դառնան զարգացման լրացուցիչ խոչընդոտ կամ չարդարացված տնտեսական անբարենպաստության աղբյուր։ Փոխարենը դրանք պետք է նոր հնարավորություններ բացեն նորարարության, մրցունակության և կայուն աճի համար»,- ընդգծեց նախարարը։
Միրզոյանի համոզմամբ՝ հաջորդ հաջող անցումը պետք է բնությանը նպաստող բիզնես մոդելները դարձնի տնտեսապես կենսունակ, ընդլայնելի և մրցունակ։ Նա նշեց, որ միջազգային համագործակցության և գործընկերների հետ երկխոսության միջոցով հնարավոր է համախմբել քաղաքական աջակցությունը և միջազգային տնտեսական համագործակցությունը համապատասխանեցնել բնապահպանական ընդհանուր հանձնառություններին։
«Որպես COP17-ի նախագահող երկիր՝ Հայաստանը դիվանագիտությունը դիտարկում է որպես կոնսենսուսի ձևավորման և համատեղ գործողությունների ամրապնդման կարևոր գործիք՝ կենսաբազմազանության պահպանության հանձնառությունները շոշափելի արդյունքների վերածելու համար։
Երեք ոլորտ կա, որոնցում՝ ըստ իս, անհրաժեշտ է կենտրոնացնել համատեղ ջանքերը։ Առաջինը՝ մենք պետք է ստեղծենք հետևողական և նպաստավոր քաղաքական միջավայր, այդ թվում՝ կենսաբազմազանության համար վնասակար սուբսիդիաների և տնտեսական լծակների վերանայումն ու բարեփոխումը։ Միաժամանակ անհրաժեշտ է խթանել դրական ազդակները և ապահովել արդար ու թափանցիկ բարեփոխումներ՝ հաշվի առնելով ազդակիր համայնքների և տնտեսական ոլորտների շահերը։
Երկրորդ՝ մենք պետք է համախմբենք ֆինանսներ և տեխնոլոգիաներ բնության համար նպաստավոր զարգացում ունենալու համար, մենք պետք է ամրապնդենք գործընկերությունները, որոնք կնվազեցնեն ներդրումների խոչընդոտները, կբարելավեն ֆինանսավորման հասանելիությունը և կաջակցեն բիզնեսին, հատկապես զարգացող երկրներում։
Երրորդը հաշվետվողականության ամրապնդումն ու իրական արդյունքների չափումն է։ Արդյունավետությունը ստեղծում է ճիշտ խթաններ, գիտությունն ու տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել անհրաժեշտ քայլերը, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովում են հանձնառությունների վերածումը շոշափելի և չափելի արդյունքների»,- ասաց նախարարը:
Ամփոփելով խոսքը՝ Միրզոյանը կոչ արեց COP17-ն օգտագործել ամուր կամուրջներ կառուցելու համար՝ շրջակա միջավայրի պահպանության հանձնառությունների և տնտեսական որոշումների կայացման, պետական քաղաքականության և մասնավոր նախաձեռնությունների, ինչպես նաև այսօրվա ներդրումների և ապագա սերունդների բարեկեցության միջև։
Նա մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ և հաջող համաժողով։