COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
5 րոպեի ընթերցում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը՝ նվիրված կլիմայական գործողություններին, կենսաբազմազանության պահպանությանը և կայուն զարգացմանը նպաստող կանանց ու աղջիկների աշխատանքի ճանաչմանն ու հանրայնացմանը։
2022 թվականին մեկնարկած մրցանակաբաշխությունն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը։ Այն նպատակ ունի արժևորել կանանց և աղջիկների ներդրումը բնապահպանական խնդիրների լուծման, կլիմայական դիմակայունության ամրապնդման և կայուն ապագայի ձևավորման գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ հիմնադիր տնօրեն Նունե Սաքանյանն եր ելույթում նշեց, որ մարդիկ կլիմայի փոփոխության կամ կենսաբազմազանության պահպանության մասին խոսելիս հաճախ պատկերացնում են համաշխարհային մարտահրավերներ, մեծ ծրագրեր և միջազգային որոշումներ, բայց իրական փոփոխությունները սկսվում են համայնքներում՝ նորարարական գաղափարից, բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունից կամ ամենօրյա աշխատանքից, որի արդյունքները կարող են օրինակ դառնալ շատերի համար։
«Մենք հավատում ենք, որ լավագույն լուծումները ծնվում են այնտեղ, որտեղ մարդիկ ունեն հավասար հնարավորություններ՝ իրենց գաղափարները ներկայացնելու, գիտելիքն ու կարողությունները կիրառելու և որոշումների կայացմանը մասնակցելու համար։ Մեր մրցանակաբաշխությամբ ցանկանում ենք տեսանելի դարձնել կանանց ու աղջիկների իրականացրած այդ կարևոր աշխատանքը, արժևորել հաջողված փորձը և ոգեշնչել նոր նախաձեռնություններ։ COP17-ի շրջանակում սա նաև հնարավորություն է Հայաստանի հաջողված լուծումները ներկայացնել միջազգային հանրությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են տեղական նախաձեռնությունները նպաստել համաշխարհային բնապահպանական նպատակների իրականացմանը»,֊- ասաց Սաքանյանը։
Մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են վերջին երեք տարիներին իրականացված կամ շարունակվող նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ արձանագրել են շոշափելի արդյունքներ և դրական ազդեցություն։ Յուրաքանչյուր անվանակարգ ընդգծում է այն մարդկանց, նախաձեռնությունների և լուծումների կարևորությունը, որոնք նպաստում են կլիմայական ու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը՝ գիտելիքի, նորարարության, կրթության, հանրային մասնակցության և գործնական գործողությունների միջոցով։
Այս տարի հաղթողներին մրցանակները շնորհվեցին 7 հիմնական անվանակարգերում՝ ընդգրկելով կլիմայական և բնապահպանական գործունեության առանցքային ուղղությունները։
«Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արուս Ներսիսյանը։ «Կլիմայի փոփոխության հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Տաթևիկ Հովհաննիսյանը։ «Համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նունե Սոլոյանը։ «Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների լուսաբանում» անվանակարգում հաղթեց Աննա Մարտիկյանը։
«Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մարինե Դալլաքյանը։ «Կլիմայական և բնապահպանական ֆինանսավորման ու նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մերի Մամիկոնյանը։
«Երիտասարդները՝ կլիմայական և բնապահպանական գործողություններում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոնա Արզումանյանը:
Մրցանակաբաշխության շրջանակում շնորհվեց նաև «Հավասար հնարավորությունների աջակից» հատուկ մրցանակը, որով ճանաչվում է այն տղամարդկանց ներդրումը, որոնք աջակցում են կանանց մասնագիտական առաջընթացին, հավասար մասնակցությանը և առաջնորդությանը։ Սույն անվանակարգում հաղթող ճանաչվեց Արկադի Թադևոսյանը։
Հատուկ մրցանակը կարևորում է այն գիտակցումը, որ կանանց լիարժեք մասնակցությունը կլիմայական և բնապահպանական գործընթացներին պահանջում է ոչ միայն նրանց ձեռքբերումների ճանաչում, այլև հավասար հնարավորությունների ապահովում և համագործակցություն։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում յոթ հիմնական անվանակարգերից յուրաքանչյուրի հաղթողը ստացավ 300 000 դրամ՝ IDcoin-ների տեսքով։ Ֆինանսական աջակցությունը նպատակ ունի ոչ միայն գնահատելու արդեն իսկ իրականացված աշխատանքը, այլև խրախուսելու բնապահպանական նախաձեռնությունների շարունակականությունը և նոր լուծումների զարգացումը։