Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

8 րոպեի ընթերցում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կրտսեր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է։  Գասպարյանների տոհմի երիտասարդ երաժիշտը դառնում է 44 տարեկան։ Այդ առիթով «Արմենպրես»-ը զրուցել է նրա հետ հուշերի, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

Հարցազրույցի ընթացքում Ջիվան Գասպարյանը նշել է, որ այժմ աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, որտեղ դուդուկի ավանդական հնչյունները համադրվելու են ժամանակակից երաժշտական լուծումների հետ: Բացի այդ, նա նախատեսում է մի շարք համերգային շրջագայություններ և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված դուդուկի  հանրաճանաչմանը երիտասարդության շրջանում:

Ծանոթացեք, թոռս է՝ Ջիվանն է

Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում: Հայրիկս իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա հայրս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր և տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս: Այն անսահման սերը, որ ես ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից: Կյանքը շարունակվում է իր հունով. այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, և հենց սրա մեջ է կյանքի շարունակությունը: Իսկ ամենամեծ նվերը, որ ես երբևէ ստացել եմ՝ պապիկի կողմից ինձ վստահված անունն է ու դուդուկը։

15 տարեկան էի, երբ եկա (խմբ․– ապրում է ԱՄՆ-ում) Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ սովորեմ դեղագործի մասնագիտությունը։ Մորաքրոջս տանն էի ապրում։ Պատանի էի, անծանոթ մի երկրում՝ կտրված ծնողներից, ընկերներից։ Շատ էի կարոտում մերոնց, իմ բակը, Երևանը։ Երևի կարոտն էր պատճառը, որ սկսեցի պապիկի ձայնագրությունները լսել։ Լսում էի մինչև լուսաբաց, հետո գնում դպրոց: Գալիս էի տուն, դաս էի անում ու լսում, լսում․․․ Հետո պապիկս եկավ Միացյալ Նահանգներ։ «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունն էին ձայնագրում։ Ինձ իր հետ տարավ ստուդիա։ Պատկերացնու՞մ եք՝ որքան հայտնի մարդիկ էին հավաքված այդտեղ՝ կոմպոզիտոր Հանս Ցիմերը, ռեժիսոր, դերասան Ռիդլի Սկոտը, երգչուհի Լիզա Ջերարդը․․․ Աստված իմ, ինչ հրաշք ձայն ուներ։ Եվ ես այդ մարդկանց կողքին էի օրս անցկացնում։ Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ միջավայր էր: Պապիկիս խնդրեցի՝ Ջիվան, կարող է դուդուկը տաս, մի հատ փորձեմ, տեսնեմ կստացվի՞: Ասաց՝ Ջիվան ջան, իմաստ չունի, ուշացրել ենք։ Արդեն 16 տարեկան ես: Չնահանջեցի, նորից խնդրեցի, որ ոչինչ, ուղղակի ուզում եմ փորձել:

Երբ Ջիվանն ասում էր՝ ծանոթացեք, թոռս է՝ Ջիվանն է, պարտադիր հարցնում էին՝ նվագո՞ւմ է։ Պատասխանը «ոչ»-ն էր, ինչից ես շատ վատ էի զգում, ազդվում։ Երևի՝ ավելի շատ պապիկի համար, քանի որ զգում էի, որ մեծ էր նրա ցանկությունն «այո» ասելու։

Մի օր էլ տվեց դուդուկն ու ասաց՝ փորձիր: Դնում էի Ջիվանի ձայնագրությունները։ Այնքան էի լսել, որ արդեն անգիր գիտեի, բայց ուզում էի նրա նվագի նման լիներ, նրա մեկնաբանությամբ լիներ, նրա ազդեցիկ զգացմունքայնությամբ։ Այսպես էլ սկսեցի նվագել:

Սերժ Թանկյանի հետ շրջագայել եմ Եվրոպայում՝ նվագելով ակումբներում

Պապիկի քառյակում նվագելուն զուգընթաց նվագում էի նաև ռոք խմբում։ Հոլիվուդի հայտնի ու պատմական այնպիսի փոքր ակումբներում ենք ելույթ ունեցել, որտեղ ժամանակին համերգներ են տվել համաշխարհային լեգենդներ, այդ թվում՝ System of a Down-ը։ Մեր խմբի մենեջերը Սերժ Թանկյանն էր, և նրա հետ մեկուկես ամիս շրջագայել եմ Եվրոպայում՝ նվագելով ակումբներում, որտեղ բացում էինք նրա համերգները։ Խմբի անունը Viza էր։ Հինգ ալբոմ թողարկեցինք, բայց ժամանակի ընթացքում խումբը ցրվեց։ Ես որոշեցի սկսել ինքնուրույն երաժշտական ուղի։ Ամեն դեպքում, դա ինձ համար հիանալի փորձառություն էր։

Իհարկե, արմատներից հեռու չես գնա և դուդուկի ավանդական նվագը միշտ մնում է հիմքում։ Սակայն անհրաժեշտ է փորձարկումներ անել՝ թե՛ քո, թե՛ հանդիսատեսի մեջ նոր հետաքրքրություն արթնացնելու և լսարանն ընդլայնելու համար։ Ռոք երաժշտություն լսողը միգուցե երբեք չգար ավանդական դուդուկ լսելու, բայց երբ ռոքի մեջ հանկարծ դուդուկ է լսում, զարմանում է։ Դրանով դու նրան հնարավորություն ես տալիս, որ ծանոթանալով գործիքին՝ մի օր էլ նստի ու լսի դուդուկի մաքուր, զուլալ մեղեդին։ Ես նվագել եմ տարբեր ոճերում ու ձևաչափերով՝ ջազային կոլեկտիվներից մինչև սիմֆոնիկ նվագախմբեր։

Դուդուկը տխուր գործիք չի, դուդուկը ռոմանտիկ գործիք է

Ջիվանն ասում էր՝ դուդուկը տխուր գործիք չի, դուդուկը ռոմանտիկ գործիք է: Թեև դուդուկն ունի իր սեփական տեմբրը, սակայն յուրաքանչյուր վարպետ ստեղծում է իր ուրույն հնչողությունը։ Ամեն մեկի մատը, հոգին, շուրթերը, սիրտն ու միտքը տարբեր են․ ամեն ինչ կապված է նվագողի ապրած կյանքի ու ապրելակերպի հետ։ Դուդուկահարը պետք է բարձր մշակույթ ունենա։ Դուդուկն այնպիսի գործիք չէ, որին կարելի է «չոբանավարի» մոտենալ։ Թող Աստված յուրաքանչյուրին առաջնորդի իր ընտրած ճանապարհով։ Բայց ես ընտրել եմ պապիկիս նվագը, որովհետև հենց դա է իմ հոգուն հարազատ։

Ավագ Ջիվան Գասպարյանի 100-ամյակը՝ համաշխարհային շրջագայության առիթ

Պապիկի 100-ամյակը լրանում է 2028 թվականին։ Մենք մի շարք նախաձեռնություններ ունենք, որոնք անպայման պետք է կյանքի կոչենք, և այժմ ակտիվորեն զբաղվում ենք դրանցով։ Մասնավորապես, ցանկություն կա Հայաստանում փողոցներից մեկն անվանակոչել Ջիվանի անունով և տեղադրել նրա կիսանդրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես տարբեր ծրագրեր ունենք իրականացնելու։ Նախատեսում եմ կազմակերպել համաշխարհային տուր՝ ներկայացնելով Վարպետի ստեղծագործական կյանքի ամբողջ ժառանգությունը։ Դա լինելու է շատ մեծ ու ընդգրկուն ծրագիր։ Տարբեր երկրներից կունենանք աշխարհահռչակ հյուրեր։ Աստված տա՝ աշխարհում խաղաղություն լինի, որպեսզի կարողանանք այն պատշաճ կերպով ներկայացնել տարբեր երկրներում։

Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ ապագայում նույնպիսի հպարտությամբ կրեն իրենց հոր անունը

Վերջին երեք տարիներին ստեղծագործական ակտիվ գործունեություն չեմ ձեռնարկել․․․ Պապիկիս կորստից հետո կոտրվել էի, իսկ երբ փորձում էի ուժերս հավաքել, կյանքն ինձ հերթական «անակնկալը» մատուցեց․ ընտանիքումս անձնական բնույթի փոփոխություններ եղան։ Դա մի անսպասելի, ծանր իրավիճակ էր, որը շատ ազդեց ինձ վրա. խորապես վիրավորված էի նման վերաբերմունքից։ Բայց այդ թեմային անդրադառնալ չեմ ուզում։ Ինչպես Ջիվանն էր ասում՝ փառքից անպատվություն մի քայլ է։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա անել սխալ քայլ, որի պատճառով իմ երեխաները կտուժեն, կամ կտուժի իմ անունը։ Ինչպես ես եմ հպարտությամբ կրում իմ ծնողների անունը, քանի որ նրանք ապրել են արժանապատիվ ու մաքուր, այնպես էլ ես եմ ապրում հիմա։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ ապագայում նույնպիսի հպարտությամբ կրեն իրենց հոր անունը։

Հայերեն

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ