Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել
3 րոպեի ընթերցում
Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ «Բադր» հուշագիրը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 21-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետական նախարար շեյխ Սաուդ բին Աբդուլռահման բին Հասան Ալ Թանին, Ինդոնեզիայի պաշտպանության փոխնախարար Յուսուֆ Ջաուհարին և Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Բադր» հուշագիրը, որի անվանումը նշանակում է «լիալուսին», նպատակ ունի խթանել ռազմական արտադրության ոլորտում համագործակցությունը, ամրապնդել մասնակից երկրների պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ընդլայնել ռազմական մասնագիտական պատրաստության, գիտահետազոտական և զարգացման աշխատանքների շրջանակներում փոխգործակցությունը։
Նշվում է, որ նախաձեռնությունը կնպաստի ժամանակակից պաշտպանական համակարգերի զարգացմանը համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակմանը և արդյունաբերական կարողությունների ընդլայնմանը։
Գերատեսչության գնահատմամբ՝ հուշագիրը նաև տնտեսական նշանակություն ունի, քանի որ նախատեսում է համատեղել մասնակից երկրների ռազմական արտադրական հնարավորությունները, խորացնել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրումը և զարգացնել բարեկամ ու դաշնակից երկրների պաշտպանական կարիքների բավարարման կարողությունները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ համաձայնագիրը միտված է նաև չորս երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերի խորացմանը և անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանը։