COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող Հայաստանի բնության պետական թանգարանը, Արգելոցապարկային համալիրը, «Էրեբունի» արգելոցը, «Արփի լիճ» ազգային պարկը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը և Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը COP17-ի Կանաչ գոտում ներկայացնում են համատեղ տաղավար՝ առանձնահատուկ տեսականիով, որտեղ ի ցույց են դրված բացառիկ նմուշներ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշեց, որ COP17-ը դրական ազդեցություն կթողնի զուտ բնապահպանական ոլորտում կարևոր համագործակցությունների համար։ ՊՈԱԿ-ները Կանաչ գոտում ներկայացնելով հայկական կենսաբազմազանությունը՝ նպաստում են զբոսաշրջիկների հոսքի աճին, քանի որ շատերի մոտ մեծ ցանկություն է առաջանում անպայման տեսնել Հայաստանի չքնաղ բնությունն ու ծանոթանալ նրա հարուստ կենսաբազմազանության հետ։

Տաղավարում միանգամից աչքի են զարնում թիթեռների գունագեղ պատկերները, և քանի որ այդ կենդանատեսակն ընտրվել է COP17-ի համաժողովի խորհրդանիշ, ապա նրան հատկացվում է առանձնահատուկ ուշադրություն։

«Այստեղ մեկտեղել ենք Հայաստանի գեղեցիկ թիթեռների տեսականին 3D հավաքածուի տեսքով։ Նրանց լուսանկարել է Արշակ Կարագյոզյանը։ Ներկայացված են հիմնականում թիթեռների էնդեմիկ տեսակները, որոնցից առավել հայտնի են «Ապոլոնը» և «Կապտաթիթեռը»։ Վերջինս՝ որպես COP17-ի խորհրդանիշ, զետեղված է ամենավերևում»,- ասաց Գալստյանը։  

Նա հավելեց, որ կրթադաստիարակչական և քարոզչական գործառույթներ իրականացնող իրենց կառույցը զբաղվում է ՀՀ ապագա սերնդի ներկայացուցիչներին կենսաբազմազանությանը ծանոթացնելով և այդ ուղղությամբ իրականացնում է էկոկրթական ծրագրեր։

«Այսօր մենք մեծ տեղ ենք տալիս դաստիարակությանը։ Եթե մարդկանց մակարդակը բարձր է բնապահպանական գիտելիքներով, ապա շատ խնդիրներ կարող են լուծվել»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով տաղավարում ներկայացված ՊՈԱԿ-ներին՝ նա նշեց, որ, օրինակ, Արգելացոպարկային համալիրը տարածաշրջանում ունի իր ուրույն տեղը, քանի որ ներառում է ինչպես արգելոցներ, այնպես էլ դենդրոպարկեր։

«Այստեղ ներկայացված են «Սորան» և «Սոճուտ» դենդրոպարկերը։ Ի ցույց դրված հիմնական արտադրանքը սեկվոյան է, որն աճեցվում է սերմից, և արդեն կան տնկիներ։ Ներկայացված են նաև բազմատեսակ փշատերև ծառատեսակներ, որոնք հարմարեցվում են հատկապես մեր տարածաշրջանին։ Արգելացոպարկային համալիրի ներքո է գտնվում «Որդան կարմիր» արգելավայրը, որտեղ պահպանվում է Արարատյան որդան կարմիր միջատը, որից հնում ստանում էին բոլորին հայտնի կարմիր ներկը, և որն այսօր համարվում է կենսաբանական ժառանգություն։ Տաղավարում ներկայացված են նաև «Էրեբունի» արգելոցում պահպանվող վայրի ցորենի տեսակներից երեքը՝ «Արարատյան», «Ուրարտու» և «Բիոտական»։ Աշխարհում կա ընդամենը չորս տեսակ, որոնցից երեքն աճում են Հայաստանում։ Ունենք նաև կոնի արտադրանք, մուրաբաներ, չրեղեն, որոնք ստացվել են «Սոճուտ» դենդրոպարկից»,- մանրամասնեց Գալստյանը։

«Արփի լիճ» ազգային պարկը նույնպես ներկայացրել է իր տարածաշրջանին բնորոշ դեղաբույսերը, որոնք թեյի տեսքով են, ինչպես նաև մեղրը, որը համարվում է ամենամաքուրներից մեկը։ Արփի լիճն իր տարածաշրջանում համարվում է բնապահպանական տեսանկյունից ամենամաքուր տարածքներից մեկը։

«Տվյալ տաղավարում ներկայացված է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, որն իր մեջ ներառում է մի քանի արգելոցային տարածքներ։ Այդտեղից նույնպես ունենք մեղր, երկու տեսակի մասուր, որը շատ օգտակար է առողջությանը, ինչպես նաև դեղաբույսեր։ Էկոպայուսակներում տեղադրված բուկլետներն անհրաժեշտ տեղեկատվություն են տալիս ինչպես արգելոցների, այնպես են դրանց կենսաբազմազանության վերաբերյալ»,- ասաց Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրենը։

Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը նույնպես ներկայացված է տաղավարում։ Կենտրոնն ունի գիտական ուղղվածություն, իրականացնում է օդի և հողի աղտոտվածության մոնիթորինգներ, ուսումնասիրում է կենսաբազմազանությանն առնչվող ուսումնասիրություններ։ Տաղավարում ներկայացված են նաև գենետիկ ուսումնասիրությունների համար նախատեսված կենդանական աշխարհի նմուշներ, որոնք անհրաժեշտ են էկոլոգիական վիճակի գնահատման համար։ Ներկայացված են, մասնավորապես, ջրային միջավայրի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք կիրառվում են որպես ինդիկատորներ ջրային էկոհամակարգի վիճակի գնահատման համար։

Տաղավարի տարածքում ներկայացված տնկիներն ու մեղրատեսակները վաճառքի ենթակա չեն, բայց եթե այցելուների մոտ դրանցից ձեռք բերելու ցանկություն առաջանա, նրանք կարող են դիմել ՊՈԱԿ-ներին և գնել։    

Հայերեն English Türkçe

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին