COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

8 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Կոլումբիան նախաձեռնել են Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիայի (Coalition of Action to Recover Endangered Species՝ CARES) ստեղծումը, որի նպատակն է արագացնել վտանգված տեսակների պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև աջակցել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4-րդ թիրախի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոալիցիան համանախագահում են Հայաստանն ու Կոլումբիան, իսկ քարտուղարության գործառույթներն իրականացնում է «Reverse the Red» գործողությունների գործընկերությունը։

Ներկայացնելով նախաձեռնությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծեց, որ CARES-ի նպատակն է միջազգային մակարդակով համաձայնեցված նպատակները վերածել գործնական գործողությունների՝ նվազեցնելով տեսակների անհետացման վտանգը և նպաստելով դրանց պոպուլյացիաների վերականգնմանը։

«Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4-րդ թիրախը նախատեսում է անհետաձգելի գործողություններ՝ մարդու գործունեության հետևանքով տեսակների անհետացումը կանխելու, ինչպես նաև դրանց պահպանությունն ու վերականգնումն ապահովելու համար։ CARES-ը կոչված է օգնելու երկրներին այս ուղղությամբ հասնել գործնական արդյունքների»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ կենսամիջավայրերի պահպանումն ու վերականգնումը, ինվազիվ տեսակների դեմ պայքարը և կլիմայական ռիսկերի նվազեցումը միշտ չէ, որ բավարար են բոլոր վտանգված տեսակների պահպանության համար։

«Յուրաքանչյուր տեսակ բախվում է իրեն բնորոշ սպառնալիքների և ունի վերականգնման առանձնահատուկ կարիքներ։ Հետևաբար, նպատակային գործողությունները պետք է հիմնված լինեն գիտական ապացույցների և յուրաքանչյուր տեսակի վիճակի գնահատման վրա»,- ընդգծել է Մեյմարյանը։

Նա տեղեկացրել է, որ CARES-ի շրջանակում երկրները հնարավորություն կունենան փոխանակելու փորձը, օգտվելու տեսակների վերականգնման գործնական մեթոդներից և համագործակցելու միջազգային փորձագիտական ցանցի հետ։ Տեխնիկական աջակցություն կարող են տրամադրել Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Տեսակների գոյատևման հանձնաժողովը և դրա գործընկերները։

Անդրադառնալով Հայաստանի համար նախաձեռնության կարևորությանը՝ փոխնախարարն ընդգծել է գիտության, պետական կառավարման և գործնական գործողությունների սերտ համակարգման անհրաժեշտությունը։

«Գիտական գնահատականները պետք է վերածվեն հստակ ծրագրերի, իսկ դրանց իրականացումը՝ տեսանելի և չափելի արդյունքների։ Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ մենք կարևորում ենք այն համագործակցությունը, որն օգնում է երկրներին առաջ մղել իրենց ազգային առաջնահերթությունները։ CARES-ի նման հարթակները հնարավորություն են տալիս հավաքականորեն լուծելու մարտահրավերները, փոխանակելու արդյունավետ փորձը և ավելի հստակ սահմանելու աջակցության կարիքները»,- ասել է Մեյմարյանը։

Փոխնախարարը կարևորել է նաև ֆինանսավորման հարցը՝ նշելով, որ տեսակների վերականգնումը հաճախ պահանջում է երկարաժամկետ և շարունակական աշխատանք։ CARES-ի շրջանակում համատեղ ջանքերը կարող են նպաստել ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը։ Նախատեսվում է նաև մշակել անդամ երկրներին աջակցող ֆինանսավորման մեխանիզմներ։

«Այս համագործակցության հաջողությունն ի վերջո պետք է չափվի բնության մեջ արձանագրված արդյունքներով։ Արդյոք նվազե՞լ են սպառնալիքները, բարելավվե՞լ են տեսակների գոյատևման հեռանկարները, վերականգնվո՞ւմ են արդյոք դրանց պոպուլյացիաները։ Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որ այսօր վտանգված տեսակները վաղը վայրի բնության մեջ գոյատևելու և վերականգնվելու համար ավելի անվտանգ պայմաններ ունենան»,- եզրափակեց Արամ Մեյմարյանը։

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի Կարմիր գրքի վերանայման գործընթացը և ինչպե՞ս է նախատեսվում մասնավոր հատվածին ներգրավել վտանգված տեսակների պահպանությանն ուղղված նախաձեռնություններում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Կարմիր գիրքն այժմ վերանայման փուլում է։

«Այս պահին քննարկումներ են ընթանում գիտական կառույցների հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է կազմակերպենք Կարմիր գրքի նոր հրատարակության աշխատանքները, իրականացնենք ինչպես նախկինում ընդգրկված, այնպես էլ նոր տեսակների ուսումնասիրություններն ու վերլուծությունները, գնահատենք դրանց ներկայիս վիճակը և հրապարակենք նոր Կարմիր գիրքը»,- ասաց Մեյմարյանը։

Անդրադառնալով մասնավոր հատվածի ներգրավմանը՝ փոխնախարարը նշեց, որ արդեն իսկ համագործակցություն կա ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ։

«Որպես օրինակ կարող եմ նշել Սևանի իշխանի վերականգնման ծրագիրը։ Սևանա լճի շրջակայքում գործող մասնավոր ընկերությունները հաճախ դիմում են մեզ՝ ֆինանսավորելու իշխանի որոշակի քանակության բացթողումը Սևանա լիճ։ Սակայն դրանք դեռևս առանձին և փոքրածավալ նախաձեռնություններ են։ Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք ավելի մեծ գործընկերություններ հաստատել և այս գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ»,- ընդգծեց Մեյմարյանը։

Կոլումբիայի Հանրապետության շրջակա միջավայրի և կայուն զարգացման փոխնախարար Դավիդ Ֆելիպե Օլարտե Ամայան էլ կարևորեց վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիայի մեկնարկը՝ հույս հայտնելով, որ COP-ի շրջանակում ստանձնած հանձնառությունները հնարավորինս արագ կվերածվեն գործողությունների։

«Կոլումբիայի համար շատ կարևոր է այս կոալիցիայի մեկնարկը, և մենք հույս ունենք, որ հնարավորինս շուտ COP-ի շրջանակում արդեն իսկ ստանձնած հանձնառությունները իրականություն կդառնան՝ վերածվելով վտանգված տեսակների պաշտպանությանն ուղղված գործնական գործողությունների։ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ Կոլումբիան նախատեսում է տեսակների վերականգնմանն ուղղված գործողություններ իրականացնել՝ գիտական գիտելիքների համատեղ օգտագործման, ինչպես նաև փորձագիտական կարողությունների մոբիլիզացման միջոցով»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Կոլումբիան այս ուղղությամբ բավական կարևոր ռեսուրսներ ունի և արդեն աշխատում է երկու կարևոր տեսակների վերականգնման ուղղությամբ։

«Մեր նպատակն է վերականգնել կենսունակ պոպուլյացիաներ, որոնք կկարողանան ապահովել տեսակների վերարտադրությունը։ Վերականգնումը հնարավոր է, երբ գիտական հաստատությունները, միջազգային գործընկերներն ու տեղական համայնքները համագործակցում են։ Այսպիսով, պահպանությունը շատ ավելին է. մեկ տեսակի պահպանումը նշանակում է նաև ամբողջ էկոհամակարգի վերականգնում և այնպիսի բնապահպանական պայմանների ապահովում, որտեղ տեսակները կարող են զարգանալ ու բազմանալ»,- ընդգծեց Օլարտե Ամայան։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ կոալիցիայի շրջանակում արդեն համախմբվել է 17 երկիր։

«Մենք արդեն 17 երկիր ենք համախմբել այս կոալիցիայի շրջանակում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության, այս հրաշալի վայրում մեզ հյուրընկալելու և կոալիցիայի մեկնարկին աջակցելու համար»,- եզրափակեց նա։

Հայերեն English Español Русский

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը