Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

8 րոպեի ընթերցում

COP17 համաժողովին ընդառաջ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը, որին մասնակցում են 16-ից 35 տարեկան շուրջ 400 երիտասարդ պատվիրակ (150-ը՝ Հայաստանից, 250-ը՝ արտերկրից)։

Գագաթնաժողովը կազմակերպվել է կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների մասնակցությունն ամրապնդելու, փորձի փոխանակման և բնապահպանական մարտահրավերների լուծմանն ուղղված գործնական առաջարկություններ մշակելու նպատակով։ Գագաթնաժողովը նաև COP17-ին ընդառաջ երիտասարդների մասնակցության և միջազգային բնապահպանական գործընթացներում նրանց ներգրավվածության ընդլայնման կարևոր հարթակ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշեց, որ երիտասարդները հավաքվել են Երևանում՝ շփվելու, գաղափարներ փոխանակելու, ուժեղացնելու իրենց միասնական ձայնը՝ կապված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումն առաջ մղելու հետ։

«Երիտասարդները փոփոխությունների կարևոր շարժիչ ուժ են COP17-ի շրջանակում քննարկվող բոլոր հարցերի համատեքստում։ Նրանք արդեն իսկ արժեքավոր ներդրում են ունենում կենսաբազմազանության պահպանմանն ու դրա կայուն օգտագործմանն ուղղված իրենց հանձնառությունների իրականացման գործում՝ շահերի պաշտպանության, կրթության, նորարարության և բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով, որոնք ծնունդ են առել հենց համայնքային մակարդակում։ Այս գագաթնաժողովը Կալիից մինչև Երևան ձգվող նախապատրաստական ​​երկար ճանապարհի գագաթնակետն է։ Վերջին տարիների ընթացքում մեր միջազգային գործընկերները և հայաստանյան ակադեմիական հաստատությունները զգալի ջանքեր են ներդրել կարողությունների զարգացման և հայ երիտասարդներին COP17-ին նախապատրաստելու ուղղությամբ»,- ասաց Աբիսողոմոնյանը։

Նրա կարծիքով՝ հայ երիտասարդների համար սա բացառիկ հնարավորություն է՝ գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, ընդհանուր մարտահրավերները բացահայտելու, ինչպես նաև կենսաբազմազանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններն ու փորձն աշխարհի տարբեր ծայրերից եկած հասակակիցների հետ կիսելու համար։ Փոխնախարարի պնդմամբ՝ Հայաստանի համար երիտասարդության իմաստալից ներգրավվածությունը COP17-ի նախագահության մեջ հայկական կողմի մոտեցման անբաժանելի մասն է:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանն իր ելույթում երիտասարդներին խորհուրդ տվեց օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից՝ կենսաբազմազանության շուրջ բովանդակալից զրույցներ ունենալու համար։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամբողջական տեսակների գոյատևման, ինչպես նաև բույսերի ու էկոհամակարգերի պաշտպանության հարցերը շարունակում են անտեսվել՝ հասնելով տագնապալի չափերի, սակայն երիտասարդ սերունդը գիտակցում է մոլորակը պաշտպանելու կարևորությունը, որի վրա ապրում ենք բոլորս։ Երբ խոսում ենք կենսաբազմազանության մասին, մենք խոսում ենք նաև ընտանիքների, երեխաների և այն միջավայրի մասին, որում նրանք մեծանալու են։ Այսօր քննարկվող թեմաները, թերևս, կորոշեն, թե ինչպիսի հարաբերություններ ենք ցանկանում ունենալ բնության հետ՝ թե՛ մենք, թե՛ մեր երեխաներն ու ապագա սերունդները»,- ասաց Թաթարյանը։

Փոխնախարարի դիտարկմամբ՝ բնապահպանական կրթությունը պետք է դուրս գա դասասենյակի սահմաններից և տեղափոխվի ավելի ծավալուն զրույցների ու հարթակների դաշտ, պետք է դառնա առօրյա կյանքի մի մասը՝ խրախուսելով երիտասարդներին ոչ միայն հասկանալ բնությունը, այլև զգալ այն, գնահատել և պաշտպանել։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն իր ելույթում նշեց, որ երիտասարդների մոբիլիզացումը պարզապես ցանկալի երևույթ չէ, այլ բացարձակ անհրաժեշտություն։

«COP17 համաժողովը, որը մեկնարկում է գեղեցիկ Երևանում, այս միջոցառումը կդարձնի շատ ավելի բովանդակալից՝ ոչ միայն ձեզ համար, այլև այն արդյունքների տեսանկյունից, որոնց, կարծում եմ, մենք կարող ենք հասնել։ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրում հատուկ ընդգծված է երիտասարդության դերը։ Փաստաթղթում նշված է, որ հիմնական դրույթների իրականացումը պետք է լինի սերունդների միջև արդարության սկզբունքով, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում երիտասարդների իմաստալից մասնակցությունն ապահովելու միջոցով։ Դա նշանակում է հզորացնել ձեզ՝ տալով ձայնի իրավունք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել, որ համաժողովի բոլոր մասնակիցների ձայնը լինի լսելի»,- ասաց Շոմեյքերը։

ԵՊՀ ռեկոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ COP17 համաժողովի կանաչ գոտում ԵՊՀ-ն, Հայաստանում ամերիկյան համալսարանը և գործընկեր ևս 16 բուհեր, միավորելով ջանքերը, կազմակերպելու են 40 միջոցառում։

«Նման միջոցառումները նախևառաջ կարևոր են այն առումով, որ երիտասարդների միջև ձևավորում են ամուր կապեր, որովհետև նրանց համագործակցության արդյունքում ծնվում են նոր գաղափարներ, իրականացվում են նոր նախաձեռնություններ, որոնք, ի վերջո, փոխում են մեզ շրջապատող աշխարհը։ Ապագան երիտասարդ սերնդինն է։ Կենսաբազմազանության հարցերն առաջին հերթին առնչվում են երիտասարդներին, հետևաբար նրանք շահագրգռված են, որպեսզի ապրեն մաքուր մոլորակում։ Մենք օգտագործում ենք շրջակա միջավայրի ռեսուրսները, ուստի պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ միջավայրին։ ԵՊՀ-ում մենք հաճախակի քննարկում ենք կենսաբազմազանության հետ կապված խնդիրները՝ կազմակերպելով գիտաժողովներ։ Եթե մեզնից յուրաքանչյուրը կրի պատասխանատվության իր բաժինը, ապա մենք ապագայում կունենանք ավելի լավ մոլորակ»,- ասաց Հովհաննիսյանը։

Գագաթնաժողովի առաջին օրը մասնակիցներն անդրադարձան սոցիալ-էկոլոգիական ճգնաժամին և դրա հաղթահարման հնարավորություններին։ Խմբային աշխատաժողովների ընթացքում քննարկվեցին քաղաքականության մշակումը, անտառային և ցամաքային էկոհամակարգերին, քաղցրահամ ջրերին, գյուղատնտեսական և սննդային համակարգերին, կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանությանը, մշակույթին ու ավանդական գիտելիքին, առողջությանը վերաբերող թեմաներ։

Երկրորդ օրը ուշադրության կենտրոնում կլինեն կենսաբազմազանության պահպանության գործում մշակույթի, արվեստի և պատմությունների փոխանցման դերը, միջազգային բնապահպանական հանձնառությունները գործնական քայլերի վերածելու հնարավորությունները և երիտասարդների առաջնորդությամբ իրականացվող նախաձեռնությունները։ Մասնակիցները կքննարկեն բնապահպանական կրթության զարգացումը, երիտասարդների ներգրավվածությունը նորարարական լուծումների մշակման գործում, կանաչ աշխատատեղերի ստեղծումը, երիտասարդական նախաձեռնությունների կայուն ֆինանսավորումը, գիտելիքի տարբեր համակարգերի կիրառումը և արդյունավետ հաղորդակցությունը։

Գագաթնաժողովի կարևոր նպատակներից է տարբեր երկրներից ժամանած երիտասարդների փորձի և առաջնահերթությունների ներկայացումը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում նրանց առջև ծառացած մարտահրավերների բացահայտումը և որոշում կայացնողներին ուղղված առաջարկությունների մշակումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը ոչ միայն բնապահպանական իրազեկման, այլև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված որոշումների, քաղաքականությունների և գործողությունների մշակման ու իրականացման գործընթացներում։ 

Հայերեն العربية

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը