ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը
5 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությունը բարձր մակարդակով է ընդունում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կարգի կարևորագույն միջոցառումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ։
Նա ընդգծեց, որ Կապույտ և Կանաչ գոտիներում Հայաստանը նախապատրաստական մեծ աշխատանք է տարել գործընկերների հետ թե՛ անվտանգային առումով, թե՛ մնացյալ աշխատանքների տեսանկյունից։
COP17-ի անվտանգության շտաբը համակարգող ՀՀ ներքին գործերի նախարարը բնական համարեց այն հանգամանքը, որ միջոցառման կազմակերպման առումով ՄԱԿ-ն ունի իր ստանդարտներն ու գործելակարգը։
«ՄԱԿ-ի հետ, այսպես ասած, հարմարեցված ձևավորված ամբողջ անվտանգային կոմպոնենտի շուրջ աշխատել ենք գործընկերների հետ՝ թե՛ ԱԱԾ-ի, թե՛ Պետական պահպանության ծառայության, թե՛ մասնավոր պահնորդական ընկերությունների, որոնք այստեղ ներգրավված են։ Տարբեր միջոցառումներում մենք արել ենք առավելագույնը, որպեսզի անվտանգային մակարդակը բարձր լինի։ Եվ գնալու ենք հետևողականորեն՝ այս ստանդարտը պահելով և էլ ավելի բարձր նշաձող սահմանելու ճանապարհով»,- շեշտեց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ համապատասխանում է այդ բոլոր ստանդարտներին։
Արփինե Սարգսյանը համոզված է՝ Շրջակա միջավայրի նախարարության գործընկերները յուրաքանչյուր դետալի մեծ ուշադրություն են դարձրել և հավուր պատշաճի կազմակերպել են մասնագիտական ամբողջ կտորը։
«Սա թույլ կտա Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` մոտակա երկու տարում, տարբեր թեմաներ քննարկել ոլորտային մակարդակում և հասնել որոշակի լուծումների գլոբալ մակարդակում` հաշվի առնելով հենց COP17-ի բովանդակությունը՝ կենսաբազմազանության տրամաբանության մեջ։ Մյուս կողմից՝ ես վստահ եմ, որ սա Հայաստանի Հանրապետության ճանաչելիության վրա մեծ ազդեցություն թողնող միջոցառում կլինի, որովհետև բազմաթիվ հյուրեր ենք ընդունել Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրեր։ Մասնագիտական մեծ թվով հանրույթ կա այստեղ ներկայացված, ինչը շատ կարևոր է Հայաստանի ճանաչելիության տեսանկյունից։ Եվ ես վստահ եմ, որ այսպիսի միջոցառումները խթանում են Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի բարձրացմանը և թույլ են տալիս նորանոր հնարավորություններ բերել երկիր` թե՛ միջոցառումների տեսքով, թե՛ տարբեր գաղափարների, ներդրումային տարբեր ծրագրերի տրամաբանության մեջ»,- ասաց նա։
Կապույտ գոտում, որտեղ անցկացվում է գագաթնաժողովը, Հայաստանին վերաբերող առանձին տաղավար կա, որտեղ պատմությանը, մշակույթին վերաբերող հետաքրքիր պատառիկներ են ներկայացված, որոնք տաղավարի ողջ տրամաբանության մեջ ամբողջացնում են երկրի մասին պատկերացումները։
«Կարծում եմ՝ հյուրերը հատուկ ուշադրություն կդարձնեն հենց այս տաղավարին, որը շատ խորհրդանշական է։ Անհնար է չնկատել Հայաստանին վերաբերող տաղավարը՝ հաշվի առնելով յուրահատուկ դիզայնը և խնամքով գծագրված դետալները, որոնք ներկայացրել են մեր գործընկերներն այս տաղավարում»,-նշեց նախարարը։
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ն անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը (COP17) երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային բնապահպանական իրադարձությունն է։ COP17-ի առանցքային նպատակն է իրականացնել առաջին համաշխարհային վերանայումը, թե ինչպես են երկրները կատարում Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի (KMGBF) պահանջները։
Համաժողովի աշխատանքները բաժանված են երկու հիմնական հարթակների, որոնք տեղակայված են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Կանաչ գոտի) և «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Կապուտ գոտի)։
Կանաչ գոտին բաց է լայն հանրության, քաղաքացիական հասարակության, գիտնականների, գործարարների և երիտասարդության համար։ Այնտեղ կներկայացվեն բնապահպանական նորարարություններ, կիրականացվեն համայնքային քննարկումներ, ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։
Կապույտ գոտին պաշտոնական բանակցությունների տարածքն է։ Այնտեղ հանդիպում են պետությունների պատվիրակությունները, միջկառավարական մարմինները, դիտորդներն ու փորձագետները՝ համաշխարհային որոշումներ կայացնելու համար։
Սարգիս Ասատրյան