Հայաստանում ֆրանսիական համալսարանում կայացավ կենսաբազմազանության հարցերին առնչվող գիտաժողով

11 րոպեի ընթերցում

Հայաստանում ֆրանսիական համալսարանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովին ընդառաջ տեղի ունեցավ «Կենսաբազմազանություն. կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև» խորագրով գիտաժողով։  

Գիտաժողովը համախմբել էր ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, իրավաբանների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման, ձեռնարկատիրական գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության միջև առկա փոխկապակցվածությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին իր ելույթում նշեց, որ բուհն ունի հատուկ հանձնառություն՝ պատրաստելու ոչ միայն բանիմաց կադրեր, այլև մասնագետներ, որոնք հասկանում են հասարակության առջև ծառացած մարտահրավերները։

«Կենսաբազմազանությունն այդ համատեքստում ունի չափազանց մեծ կարևորություն, քանզի անմիջականորեն առնչվում է մեր առողջությանն ու կենսագործունեությանը։ Դա չի վերաբերում միայն շրջակա միջավայրին, այլև տնտեսական և սոցիալական իրավիճակին։ Ձեռնարկություններն, անշուշտ, կարող են նպաստել կենսաբազմազանության լավարկմանը, և կանաչ միջավայր ունենալուն ուղղված ֆինանսական միջոցներն, այդ առումով, բացում են զգալի հեռանկարներ։ Մյուս կողմից ի՞նչ իմաստ պետք է տանք տնտեսական զարգացմանը, եթե դա տեղի է ունենում Մարդու իրավունքների պաշտպանությանն ու կենսաբազմազանությանը հակառակ։ Շրջակա միջավայրի վատ վիճակն ազդում է մարդկանց կյանքի որակի և հասարակական գործունեության տարբեր ոլորտների վրա, հետևաբար ձեռնարկատերերը պետք է շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը ներառեն իրենց ամենօրյա գործունեության մեջ»,- ասաց Նակուզին։

Ռեկտորը հավելեց, որ առանց հաշվի առնելու մարդու իրավունքների և բիզնեսի միջև ներդաշնակ փոխկապակցվածությունը՝ հնարավոր չի լինի խոսել համընդհանուր զարգացման մասին։   

«Համալսարանները նույնպես պետք է մասնագիտորեն մոտենան առկա մարտահրավերներին։ Պահպանել կենսաբազմազանությունը, նշանակում է հարգել ապագան։ Հենց այդ համատեքստում ձեռնարկությունները պետք է զարգացումն ու առաջընթացը վերածեն բոլորին օգուտ բերող գործիքի»,- ասաց Նակուզին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը նշել է, որ Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում  կենսաբազմազանությանը նվիրված խոշոր միջազգային համաժողով։ Ֆրանսիան աջակցել է Հայաստանի թեկնածությանը և բանակցությունների նախապատրաստման գործընթացին։

«COP17-ի հիմնական նպատակներից մեկը նախորդ համաժողովից ի վեր իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումն է։ Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատել մինչև 2030 թվականը երկրագնդի մակերևույթի 30%-ի պաշտպանությունն ապահովելու խորհրդանշական նպատակի ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս թեման առանցքային տեղ կզբաղեցնի Երևանում անցկացվող՝ ավելի քան տասը օր տևող համաժողովի քննարկումներում։ Անշուշտ, կարևոր է նաև ուսանողների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը։ Ոմանք հակասություն են տեսնում բիզնեսի և շրջակա միջավայրի պաշտպանության միջև։ Սակայն իրականում ձեռնարկությունները նույնպես կարևոր դեր ունեն շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության պաշտպանության գործում, քանի որ բնության վրա բացասական ազդեցության հետևանքները կարող են անդրադառնալ տնտեսական գործունեության տարբեր ոլորտների վրա։ Համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին կախված է բնության մատուցած ծառայություններից։ Հետևաբար, որոշումներ կայացնելիս ձեռնարկատերերն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված բոլոր ռիսկերին»,- ասաց Ռիշարը։

Նա հավելեց, որ Ֆրանսիայում և Եվրոպական միությունում խոշոր ընկերությունները հրապարակում են կայունության վերաբերյալ իրենց տվյալները։ Միևնույն ժամանակ, զգալի ֆինանսական միջոցներ ունեցող ներդրումային ֆոնդը, որը կառավարվում է Ֆրանսիայի պետական ֆինանսական հաստատություն Caisse des Dépôts-ի կողմից, ներդրումներ է կատարում էկոհամակարգերի վերականգնմամբ զբաղվող ընկերություններում։

«Հայաստանը նույնպես շարժվում է այս ուղղությամբ։ Կանաչ ֆինանսավորումից մինչև խաղողագործություն՝ տարբեր նախաձեռնություններ ցույց են տալիս, որ բնության պահպանումը կարող է դառնալ մրցունակության կարևոր գործոն։ Առաջիկա օրերին Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը կկազմակերպեն մի շարք միջոցառումներ։ Դրանց շրջանակում, մասնավորապես, կցուցադրվեն կենսաբազմազանության թեմային նվիրված ֆիլմեր և վավերագրական աշխատանքներ։ Միջոցառումներին կմասնակցեն երկու ռեժիսորներ՝ «Անտառների երգը» և «Ձյան ընձառյուծը» ֆիլմերի հեղինակ Վենսան Մյունիեն, ինչպես նաև ճապոնացի ռեժիսոր Մոմոկո Սետոն՝ «Մոլորակներ» ֆիլմի հեղինակը։ Դիլիջանում կանցկացվի նաև ջրային էկոհամակարգերի հետ կապված խնդիրներին նվիրված քննարկում։ «Ֆրանսիական կողմի համար COP17-ը լավ հնարավորություն է՝ ներկայացնելու իր հանձնառությունը բնապահպանական կարևոր ծրագրերի իրականացման գործում և աջակցելու Հայաստանին այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- եզրափակեց Ռիշարը։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանն իր հերթին նշեց, որ թեև այսօր շատ է խոսվում տնտեսական աճի, ներդրումների, նորարարությունների և մրցունակության մասին, սակայն չպետք է մոռանալ, որ երկարաժամկետ տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել բնությունից ու բնական ռեսուրսներից անկախ։

«Բնական էկոհամակարգերի վնասումն ու ռեսուրսների անխնա օգտագործումը վտանգում են ոչ միայն շրջակա միջավայրը, այլև տնտեսական զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում բնապահպանական պատասխանատվությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես բիզնեսի պարտավորություն կամ լրացուցիչ ծախս, այլև որպես նոր հնարավորությունների, մրցակցային առավելությունների և կայուն զարգացման կարևոր նախապայման։ Դա պահանջում է նոր մոտեցումներ և պատասխանատու որոշումներ բիզնես գործունեության բոլոր փուլերում։ Կենսաբազմազանությունն այլևս միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ, այն պահանջում է նաև բիզնեսի, ֆինանսական համակարգի, գիտական համայնքի և հասարակության համատեղ ջանքերը»,- ասաց Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ-ի համար նշված հարցերն ունեն առանձնահատուկ նշանակություն, ուստի անհրաժեշտ է համատեղել տնտեսական առաջընթացը, բնական հարստությունների պահպանումը և ներկա ու ապագա սերունդների իրավունքների պաշտպանությունը։

«Համաժողովի կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս կարող է բիզնեսը ոչ միայն նվազեցնել բնության վրա իր բացասական ազդեցությունը, այլև իրական քայլեր ձեռնարկել կենսաբազմազանության պահպանման ու էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ, ինչպե՞ս կարող ենք համատեղել տնտեսական զարգացումը, կենսաբազմազանության պահպանումն ու Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով հավասարակշռություն այս երեք կարևոր նպատակների միջև»,- ասաց Հայրապետյանը։

Բացման ելույթներից հետո ՀՀ-ում կենսաբազմազանության մասին հիմնական զեկույցով հանդես եկավ կլիմայի և կենսաբազմազանության քաղաքականության փորձագետ, COP17-ի շահառուների ներգրավման համակարգող Արմեն Աբելյանը։

«Մարդիկ գիտակցում են կենսաբազմազանության կարևորությունը, սակայն նրանց մեծ մասը չի պատկերացնում, թե ինչպես կարող է աջակցել շրջակա միջավայրի պահպանությանը։ Կենսաբազմազանության կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներն ունեն հստակ հանձնառություն՝ պահպանելու և վերականգնելու բնությունը, որը համապատասխանում է նաև «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի» հիմնական 23 թիրախներին։ Դեռևս 2022 թվականին նախանշվել են հստակ քայլերը, որոնք միտված են ոչ միայն կենսաբազմազանության պահպանմանը, այլև վերականգնմանը, քանզի եթե չլինի առողջ կենսաբազմազանություն, չի լինի առողջ հանրություն»,- ասաց Աբելյանը։

Նա զեկույցում անդրադարձավ այն կարևոր հարցերին, որոնք քննարկվելու են COP17-ի շրջանակում և այն միջոցառումներին, որոնք նախանշված են երևանյան համաժողովի ընթացքում։

Այնուհետև տեղի ունեցան երկու պանելային քննարկումներ։ Առաջինը կրում էր «Բիզնեսը և կենսաբազմազանությունը» խորագիրը, որին մասնակցեցին բնապահպանական և սոցիալական հարցերով ավագ մասնագետ, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ներկայացուցիչ Հասմիկ Խաչոյանը, «ARGE BUSINESS» ընկերության անձնակազմի վերապատրաստման և մերչենդայզինգի բաժնի ղեկավար Աշոտ Սարիբեկյանը, «ՏՈՒՇՊԱ ԷՔՍ ԼԱԲ» ընկերության համահիմնադիր Կարլեն Մանասերյանը և «GREEN ROCK FOUNDATION» հիմնադրամի գործառնությունների մենեջեր Ֆլորա Ամիրխանյանը։ Քննարկման առարկա դարձան կանաչ ֆինանսավորումը, ապրանքների փաթեթավորումը, գինեգործությունն ու կենսաբազմազանությունը, ԱԲ-ն և կենսաբազմազանությունը։

Երկրորդ պանելային քննարկմանը, որը կրում էր «Մարդու իրավունքները և կենսաբազմազանությունը» խորագիրը, մասնակցեցին էկոլոգիական իրավունքի փորձագետ, փաստաբան Անժելա Աբեյանը, էկոլոգիական իրավունքի փորձագետ, Mining Legislation Reform Institute-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը և իրավագիտության դոկտոր, Շրջակա միջավայրի համեմատական իրավունքի միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Լորան Վասալոն։ ՀՖՀՀ հետազոտող դասախոս Սիմոն Սիմոնյանի վարած այս քննարկման առարկա դարձան առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքն ու դրա հիմնախնդիրները, CEPA-ի պայմանագրից բխող պարտավորությունները շրջակա միջավայրի ոլորտում, ինչպես նաև «Խուսափել, նվազեցնել, փոխհատուցել» հայեցակարգը էկոլոգիական իրավունքում։   

Հայերեն

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» գիտաժողովը