1 րոպեի ընթերցում
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 630 հազար դրամ։ Դեպքի առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ նշելով, որ ուսումնասիրությունն իրականացվել է «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա՝ պարզելու ծառահատումների օրինականության հիմքերը։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են ծառահատումների տարածքը։ Արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։
Ըստ զննության արդյունքների՝ ծառերից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։