Ռուսաստան

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Հոկտեմբերի 12-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 8:00-ն Ռուսաստանի ՀՕՊ ուժերը «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 604 անօդաչու թռչող սարք երկրի 15 շրջաններում և Ազովի ծովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ, որոնցից 65-ը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։

Ռուսաստանի իշխանությունները նաև հայտնել են Ստավրոպոլի երկրամասի վրա Ուկրաինայի զանգվածային հարձակման մասին, իսկ մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտարարել է Նևինոմիսկի արդյունաբերական գոտում գրանցված վնասների մասին։

Կալուգայի մարզի նահանգապետը հայտարարել է, որ երեկոյան և գիշերը 16 շրջաններում, ինչպես նաև Կալուգայի և Օբնինսկի ծայրամասերում 73 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հինգ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ, ինը «Բանդերոլ/Դան-Տ» փոքր չափի հրթիռ և 108 անօդաչու թռչող սարք։

Հայտարարության համաձայն՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է 88 անօդաչու թռչող սարք, գրանցվել են հարվածներ 17 վայրում։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Խարկովի իշխանությունները հայտնել են «Բանդերոլ» փոքր չափի հրթիռներով զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով քաղաքում զոհվել է երեք մարդ, փլուզվել է չորսհարկանի բնակելի շենքի մուտքը։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորվել է ևս 11 մարդ։

Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են Լվովի վրա ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առավոտյան գրել է, որ ԱԹՍ-ի բեկորները վնասել են Դարնիցկիի շրջանում գտնվող երկհարկանի մասնավոր տուն։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ վիրավորվել է մեկ կին։

Դնեպրում հարձակման հետևանքով վիրավորվել է 64-ամյա տղամարդ։ Առավոտյան հարվածների հետևանքով վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտ, բարձրահարկ շենքեր և մեքենաներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում