ՄԻՊ-ը ՍԴ է դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանության սահմանափակման հարցով
3 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Գործը ՍԴ-ն քննության է ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա։ Վիճարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Ըստ հաղորդագրության՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է մեկնաբանություն, համաձայն որի՝ հասարակական կազմակերպությունը կարող է դատարան դիմել անձին հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու համար միայն այն դեպքում, երբ նա ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։
Պաշտպանը կարևորել է, որ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը տարածվի նաև փաստացի հաշմանդամություն ունեցող, սակայն դեռևս գնահատում չանցած կամ այդ գործընթացում գտնվող անձանց վրա։
«ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքը պայմանավորված չէ անձի՝ ֆունկցիոնալության գնահատում անցած լինելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու ձևական հանգամանքով, իսկ հակառակ մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության արգելքի սկզբունքին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի դիրքորոշմանը՝ Պաշտպանը նշել է, որ պաշտպանության շրջանակը տարածվում է նաև նախկինում հաշմանդամություն ունեցած անձանց, նրանց վրա, ում հաշմանդամություն ունենալը ենթադրվում կամ կանխատեսվում է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի հետ կապված անձանց վրա։
Պաշտպանի գնահատմամբ՝ մեկնաբանությունը, ըստ որի՝ պաշտոնապես հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված մարդու նկատմամբ չի կարող դրսևորվել հաշմանդամության հիմքով խտրականություն, խնդրահարույց է նաև արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից։
Հատկապես ընդգծվել է այդ իրավունքների ապահովման անհրաժեշտությունը հենց ֆունկցիոնալության գնահատման գործընթացում։