2 րոպեի ընթերցում
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին առաջարկել է Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս ապրող ընկերներ կամ հարազատներ ունեցող բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կլիչկոն հայտարարել է AFP-ին տված հարցազրույցում։
«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և զոհերի մասին, քանի որ մեր քաղաքի հրետակոծությունն ուժգնանում է։ Այսօր դա գոյատևման հարց է», - ասել է Կլիչկոն։
Նա զգուշացրել է, որ եթե Կիևում ջրամատակարարման համակարգը խափանվի ռուսական հարձակումների պատճառով, ապա կարող է առաջանալ «բավականին լայնածավալ» ճգնաժամ։
Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետն ընդգծել է, որ լիակատար տարհանման կոչ չի անում։
«Այդպիսին է (ՌԴ նախագահ) Պուտինի նպատակը։ Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք իրեն», - ասել է Կլիչկոն։
Քաղաքապետի խոսքով՝ Կիևի իշխանությունները ձմռան համար պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի ու խմելու ջրի պաշարներ են կուտակում, սակայն անկախ նրանից, թե որքան լավ են Կիևի իշխանությունները և բնակիչները պատրաստվել, եթե ՀՕՊ համակարգը խափանվի, իրենք կարող են հայտնվել վատագույն սցենարի մեջ։
Սեպտեմբերին Ռուսաստանը ակտիվացրել է Կիևի վրա իր հարձակումները։ Բացի այդ, հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը սկսել են թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում էին Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում չէին թիրախավորվում։ Թիրախավորվել են նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները։
Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի ավիահարվածների նոր ռազմավարության մասին, որը, նրա խոսքով, Կրեմլն օգտագործում է՝ ստիպելու ուկրաինացիներին լքել Կիևը և այլ խոշոր քաղաքներ։