Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին
2 րոպեի ընթերցում
Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 505 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բելգորոդի մարզում, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, 2 մարդ է զոհվել, 4 մարդ՝ վիրավորվել։ Ամբողջովին փլուզվել է մեկ տուն, հարևան տնային տնտեսությունը վնասվել է։
Կալուգայի մարզի նահանգապետը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով 9 մարդ է վիրավորվել, որոնցից 5-ը հոսպիտալացվել է։ Մի քանի տուն վնասվել է։
Ըստ Տվերի մարզի նահանգապետի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է քիմիական գործարան։ Աշխատակիցները ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան։
Ուկրաինական կողմն էլ հայտնել է ռուսական հարվածների մասին։ Զապորոժիեին կառավարվող ավիառումբ է հարվածել, 1 մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Իվանո-Ֆրանկովսկում մեկ մարդ է զոհվել ռուսական ռեակտիվ անօդաչուի հարվածից։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից շատ մեծ հեռավորության վրա, առաջին անգամ է ենթարկվել նոր սերնդի ռուսական անօդաչուների հարձակման։
Ուկրաինայի արևմուտքում հարձակման է ենթարկվել նաև Լվովը, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանին։
Հոկտեմբերի 8-ին Կրամատորսկում երթուղային ավտոբուսներին ռուսական հարվածների հետևանքով 33 մարդ էր զոհվել։ Իսկ հոկտեմբերի 7-ին Պրիլուկի քաղաքում 5-հարկանի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 22 մարդ։
Axios լրատվական հարթակը գրում է, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այցելել Ռուսաստան։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակությունն առաջիկա հանգստյան օրերին կմեկնի ԱՄՆ՝ բանակցությունների։