ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը և 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր՝ 2011 թվականի նոյեմբերին Ռ.Կ.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 40.000 քմ մակերեսով հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Գ.Ս.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում, Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ռ.Կ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարին միջնորդագիր էր հասցեագրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի հոկտեմբերի 2-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման հիման վրա՝ Չարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 40.000 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում:

Հայերեն