Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը
2 րոպեի ընթերցում
Լատվիայի ազգային զինված ուժերը կանխել են առնվազն 20 անօրինական միգրանտներից բաղկացած խմբի փորձը՝ անօրինական կերպով հատելու Լատվիայի պետական սահմանը Բելառուսի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Ազգային զինված ուժերը (NBS):
«Այս շաբաթ Ազգային զինված ուժերը կրկին բախվեցին Բելառուսից Լատվիա անօրինական միգրանտների միտումնավոր կազմակերպված ներխուժման հետ։ Այս անգամ առնվազն 20 անօրինական միգրանտից բաղկացած խումբը, դիմակավորված ուղեկցորդների գլխավորությամբ, փորձել է անօրինական կերպով հատել Լատվիայի պետական սահմանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ խմբի դիմակավորված ուղեկցորդները զինված են եղել և սպառնացել են լատվիացի զինվորներին, և ակտիվորեն խրախուսել ու ուղղորդել են միգրանտների խմբին դեպի Լատվիա։
Ազգային զինված ուժերի գնահատմամբ՝ այս սադրանքը տարբերվում էր նախորդ շատ դեպքերից ուղեկցորդների հատկապես ագրեսիվ գործողություններով։
«Այս միջադեպը հաստատում է, որ Լատվիա-Բելառուս սահմանին կշարունակվեն կանխամտածված սադրանքներն ու հիբրիդային սպառնալիքները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ անօրինական միգրացիան օգտագործվում է որպես գործիք՝ Լատվիայի և, միևնույն ժամանակ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի արտաքին սահմանի վրա ճնշում գործադրելու համար:
Լատվիայի ազգային զինված ուժերը հայտարարել են, որ կշարունակեն աջակցություն ցուցաբերել Լատվիա-Բելառուս և Լատվիա-Ռուսաստան սահմաններին գտնվող պետական սահմանապահ ծառայությանը՝ անօրինական միգրացիայի հետևանքով առաջացող մարտահրավերներին, սադրանքներին և այլ հիբրիդային սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար։