Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

8 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ 

Նշանակալի այդ իրադարձությունը կազմակերպվել էր «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ 

«Աղոթքի նախաճաշի» հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկիր, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկաներին ողջունեց և տերունական աղոթքով օրհնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։

Ելույթներից առաջ ներկաներին ցուցադրվեց Գեթսեմանի մատուռից պահպանված խաչքարի և Հայաստանում քրիստոնեության մասին պատմող տեսահոլովակը։ 

Միջոցառման գլխավոր ելույթը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր խոսքում նշեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված իր տարածքով Ավետյաց Երկիրն է, որն Աստված տվել է մեզ:

«Սրա համար կան նաև հոգևոր հիմնավորումներ։ Մեսրոպ Մաշտոցի աճյունն ամփոփված է ՀՀ Աշտարակ խոշորացված համայնքի Օշական գյուղում, իսկ Խոր Վիրապը, որը մեր քրիստոնեական հավատքի աղբյուրն է, գտնվում է ՀՀ Վեդի խոշորացված համայնքի տարածքում։ Մեր քրիստոնեական հավատքի մայրաքաղաքը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնը՝ մեր սրբություն սրբոցը, գտնվում է ՀՀ Վաղարշապատ խոշորացված համայնքի Էջմիածին բնակավայրում։ Այսօրվա ՀՀ-ն մեր քրիստոնեական էության արտահայտությունն է, մեր Ավետյաց Երկիրն է։ Մենք խոսում ենք մեր երկրի հոգևոր կյանքի մասին, բայց պետք է առերեսվենք մի քանի կարևոր փաստերի»,-ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ առաջին փաստն այն է, որ հայ ժողովուրդը շուրջ 70 տարի ապրել է ԽՍՀՄ-ում, որն աթեիստական պետություն էր և որտեղ «հավատացյալ» բառն ունեցել է բացասական ընկալում։ Փաշինյանի խոսքով՝ ովքեր ապավինում էին Աստծուն, մերժվում էին պետության կողմից, հավատացյալները ԽՍՀՄ-ում մարգինալացված էին ու մեկուսացված՝ գտնվելով հասարակության հետնախորշում։

«Անկախացումից հետո այս միտումը գուցե մեղմացել է, բայց ամբողջությամբ չի փոխվել։ Այսօր էլ «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ իմաստ, որովհետև կան հավատացյալներ և կան մյուս քաղաքացիները։ Իմ համոզմունքն այն է, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն, որովհետև մեր պետությունը մեր Ավետյաց Երկիրն է, մեր լեզուն մեր ինքնության հենասյունն է։ Այսօր մեր եկեղեցիներում և այլ վայրերում կա հոգևոր ակտիվ կյանք, բայց խնդիրն այն է, որ հոգևոր կյանքը եկեղեցական կյանքն է, եկեղեցու ներսում է հիմնականում, սակայն շատ կարևոր է, որ այդ հոգևոր կյանքը դուրս գա եկեղեցուց և մտնի փողոց, տներ, շուկա, ՏԻՄ-եր, կառավարություն, օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններ։ Մարդն, ամենայն հավանականությամբ, կլինի շատ ավելի բարեվարք, եթե հավատում է Աստծուն։ Մարդը պակաս խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ, եթե հավատում է Աստծուն»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում այսօր շատ է խոսվում արդարության և արդարադատության մասին և շեշտեց, որ արդար կլինի այն դատավորը, ով հավատում է Աստծուն, և միայն այդ դեպքում նա կկայացնի արդար դատավճիռներ։

«Սա ինձ համար կարևոր է ոչ միայն հոգևոր, այլև պետական առումով։ Երբ մենք խոսում ենք արժեքների մասին, պետք է հասկանանք, թե որտեղից են բխում այդ արժեքները։ Ժողովրդավարությունը գոյություն է ունեցել քրիստոնեությունից առաջ, բայց ժողովրդավարության ժամանակակից տեսակը բխում է Քրիստոսից։ Երբ քաղաքական գործիչները գնում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ՝ մարդկանց հետ կիսելով իրենց գաղափարները, նրանք, ըստ էության, նմանակում են Հիսուս Քրիստոսի գործունեությունը։ Թե որքանով է գործիչն իր նմանակման մեջ անկեղծ, դա արդեն նրա և Աստծո, նրա և ժողովրդի հարաբերությունների հարց է։ Մենք անընդհատ փնտրում ենք Աստծուն, մինչդեռ Սուրբ Գրքի տողատակերում կա այդ հարցի պատասխանը։ Աստված մարդու մեջ է։ Մեծ ու լեցուն հրապարակները տեսնելուց հետո ես եկել եմ այն եզրակացության, որ Աստված, այո, ամեն մարդու մեջ է, բայց նաև ժողովրդի մեջ է, որովհետև ժողովուրդն է այն մեծությունը, որը կարող է ընդգրկել Աստծուն»,-ասաց Փաշինյանը։  

Նա շեշտեց, որ շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդն առնչվի այդ փաստի հետ և իր երկիրն ընկալի որպես Աստծո կացարան։ Փաշինյանի դիտարկմամբ՝ դա է այն հենքը, որի վրա կարելի է ստեղծել արժեքահեն պետություն և հասարակություն։

«Շատ է խոսվում քաղաքակրթության մասին, որը ժամանակակից քաղաքականության տեսքով առնչվում է մարդկանց, բայց մենք բոլորս ունենք համերաշխության կարիք։ Տարբեր կարգավորումների մասին տեսակետները լինում են երբեմն ծայրահեղ տարբեր։ Միակ ձևն ու տեղը, որտեղ կարող է լինել համերաշխություն, այդ թվում նաև քաղաքական գործիչների միջև, խոսակցությունն է Աստծո և հավատքի մասին, ընդ որում՝ ոչ միայն դավանաբանական խնդիրների շուրջ։ «Աղոթքի նախաճաշի» ձևաչափը կարևոր է նրանով, որ ամեն մարդ ազատ է խոսել Աստծո և իր հարաբերությունների, իր հոգևոր զգացմունքների, իր փորձի մասին։ Ահա թե ինչու սա այն տեղն է, որտեղ կարող է լինել համերաշխություն»,-ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 3-ը նաև ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրն է և շեշտեց, որ «Աղոթքի նախաճաշի» ձևաչափը մարդկանց հնարավորություն է տալիս գալ և միմյանց հետ աղոթել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է նրանց հավատքի դավանաբանական ուղղությունը։

«Ազգային փոքրամասնությունների դավանաբանական վեճերը մնում են այս ձևաչափից դուրս, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։ Միայն հոգևոր զգացմունքների շուրջ կարող է լինել լիարժեք համերաշխություն։ Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ, որովհետև հավատալ Աստծուն, նշանակում է հավատալ սեփական ժողովրդին ու պետությանը, հավատալ մարդկությանը, հավատալ ինքդ քեզ»,-ասաց Փաշինյանը։

Ելույթի վերջում ՀՀ վարչապետն ընթերցեց 5-րդ սաղմոսը՝ «Աղոթք ապահովության համար․ Սաղմոս դպրապետի ու ժառանգորդների մասին»։

Հայերեն English

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ