3 րոպեի ընթերցում
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտները հոկտեմբերի 2-ին դպրոցների հարակից տարածքներում հրկիզումներ են կատարել և բախվել ոստիկանության հետ։ Բողոքի շարժումը, որի հետևանքով շուրջ 400 կրթական հաստատություն ստիպված է եղել փակվել, շարունակում է նոր թափ հավաքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Շարժումը, որը սկսվել էր անցյալ շաբաթ Փարիզի տարածաշրջանում և արագորեն տարածվել ամբողջ երկրում, ընդգրկել է ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին։
Աշակերտները դժգոհում են, որ դասաժամերը չափազանց երկար են, պայմանները՝ անբավարար, դասարանները լեփ-լեցուն են, դասասենյակներում չափազանց շոգ է, իսկ աշխատակիցների բացակայությունները՝ չափազանց հաճախակի։
Կառավարությունը հայտարարել է, որ աշակերտների բարձրացրած խնդիրները հիմնավոր են, սակայն դատապարտել է նրանց գործողությունները՝ դրանք բնութագրելով որպես «քաղաքային բռնություն»։
Աշակերտները ոստիկանությանը մեղադրում են անհամաչափ ուժ կիրառելու և վնասվածքներ պատճառելու համար՝ նշելով, որ բողոքի ակցիաները ցրելու նպատակով ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ է կիրառել։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը հայտարարել է, որ «ավագ դպրոցականների շարժումը պատանդ է վերցվել» ծայրահեղական խմբավորումների կողմից։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին երկրում գործող 3700 ավագ դպրոցներից մոտ 400-ը փակ են։
Շարժման մեկնարկից ի վեր ավագ դպրոցների առնվազն 65 աշխատակից է վիրավորվել, այդ թվում՝ 40 տնօրեն, հայտնել է Ժեֆրեյը BFMTV-ին։ Նրա խոսքով՝ վիրավորվել է նաև շուրջ 170 աշակերտ, իսկ ավելի քան 100 ավագ դպրոց «լուրջ վնասներ» է կրել։
Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ դատախազներին խնդրել է բողոքի ակցիաների ընթացքում երեխաների պատճառած վնասների համար պատասխանատվության ենթարկել նրանց ծնողներին և նրանցից պահանջել «վճարել վերանորոգման ծախսերը»։
Շարժման մեկնարկից ի վեր շուրջ 2000 մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, որոնց 90 տոկոսը անչափահասներ են, հայտնել է Դարմանենը RTL-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցույցերի ընթացքում վիրավորվել է 83 իրավապահ։