«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները
3 րոպեի ընթերցում
ՀԷՑ-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում ավարտին են մոտենում նոր ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ՀԷՑ-ից հայտնում են, որ հետագայում նույն տարածքում նախատեսվում է կառուցել եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ենթակայան։
Նախորդ տարեվերջին տեղի ունեցած վթարի հետևանքով Երևան քաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ավելի քան 50 հազար բաժանորդներ հոսանքազրկվել էին։ Շուրջ 40 հազար բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել էր 24 ժամվա ընթացքում, իսկ մոտ 11 հազարը՝ 48-52 ժամվա ընթացքում։
«Սպառման բեռի կտրուկ ավելացման հետևանքով լրջորեն վնասվել էին ենթակայանի բնականոն աշխատանքն ապահովող կենսական նշանակության ենթակառուցվածքները, մի շարք սարքավորումներ, բարձր լարման բջիջներ և մալուխային գծեր։
Հրդեհը մարելուց անմիջապես հետո ենթակայանում տեղադրվել էին 6 կՎ լարման 23 նոր բջիջներ։ Դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող հոսանքի և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների, ինչպես նաև ենթակայանը սնող նոր մալուխագծերի միացումները կատարվել էին ժամերի ընթացքում՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու նպատակով»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:
Առաջացած խնդիրներին ժամանակավոր լուծում տալու նպատակով ենթակայանին կից կառուցվել է ժամանակավոր ենթակայան, որտեղ տեղադրվել է 6 կՎ փակ բաշխիչ սարքավորում (ՓԲՍ), այդ թվում՝ բջիջներ։ Սնուցումն ապահովող մուտքային մալուխները նույնպես տեղափոխվել են, իսկ ելքային մալուխների տեղափոխման աշխատանքները, որոնք ապահովում են ենթակայանից դեպի բաշխիչ ցանց էլեկտրաէներգիայի մատակարարումը, ավարտին են մոտենում։
Ընկերության տվյալներով՝ ժամանակավոր բջիջներն ամբողջությամբ լարման տակ կդրվեն ընթացիկ ամսվա վերջին։
Էրեբունի վարչական շրջանում հզորությունների ավելացման և ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակայան, որը կհամալրվի ժամանակակից սարքավորումներով։
Նոր ենթակայանի նախագծման, ինչպես նաև անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների գնման գործընթացն արդեն մեկնարկել է։ Եվրոպական արտադրության սարքավորումները Հայաստան ներկրելուց հետո դրանք կմոնտաժվեն արտադրող կազմակերպության կողմից, իսկ մնացած շինարարական աշխատանքները կիրականացվեն ՀԷՑ-ի սեփական ռեսուրսներով։
Նոր «Վարդաշեն» ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին, որից հետո գործող ժամանակավոր ենթակայանը կապամոնտաժվի, իսկ ենթակայանի տարածքն ու ենթակառուցվածքները կվերականգնվեն՝ նախագծային լուծումներին համապատասխան։
Տեղադրվող նոր փակ բաշխիչ սարքավորումների թողունակությունը 30 տոկոսով ավելի կլինի նախկին սարքավորումների թողունակությունից։