3 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Ծրագրով նախատեսված ստանդարտների մշակումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է արդիականացնել գործող ստանդարտները և դրանք ներդաշնակեցնել միջազգային ու տարածաշրջանային ստանդարտներին։ Աշխատանքների ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով պետական տարբեր մարմիններից ստացված պահանջները։
«Ստանդարտացման ոլորտում պետական աջակցության շրջանակում իրականացվող աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալ ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին։ Այդ պահանջներին համապատասխանող ապրանքները, ծառայությունները կամ որոշակի գործընթացները, հետագայում քաղաքականություններ մշակելիս կամ աշխատանքներ իրականացնելիս, որևէ խնդրի առաջ չեն կանգնում, որովհետև դրանք արդեն իսկ ներդաշնակ են աշխարհում ընդունված լավագույն կանոններին»,- ասաց Պապոյանը։
Նախարարը նշեց, որ նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատմանն ու սերտիֆիկացմանը վերաբերող ստանդարտներ։
Շրջակա միջավայրի ոլորտում կմշակվի ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի որոշման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ։ Երկրատարածական տվյալների ոլորտում էլ աշխարհագրական տեղեկատվությանը վերաբերող ազգային ստանդարտները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին, թե որքան կտևի ստանդարտների մշակումը, Պապոյանը պատասխանեց․
«Քանի որ նաև ծավալն էլ շատ մեծ չէ, այս տարվա ընթացքում պետք է բոլորը ավարտենք և տանք՝ այնպես, ինչպես նախատեսված է տարեկան ծրագրով»։
Ստանդարտները վերաբերելու են նաև ճանապարհաշինությանը, կիբեռանվտանգությանն ու գաղտնիության պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, էներգետիկ կառավարմանը, առողջապահությանը, տիեզերական աղբի նվազեցմանը, զբոսաշրջությանը և սննդամթերքի անվտանգությանը։