Տնտեսություն

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացումները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել էական զարգացումներ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է մեր երկրում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնումը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում