Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են
1 րոպեի ընթերցում

Հորդառատ անձրևը հեղեղել է Ֆլորենցիան։ Ընդամենը մեկ ժամում 45 միլիմետրից ավելի տեղում է գրանցվել։ Ջուրը ներթափանցել է հայտնի պատկերասրահներից ներս։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ուֆիցիի պատկերասրահի այն սրահում, որտեղ ցուցադրված են 17-րդ դարի յոթ կտավներ, լուսամուտի տակից ջրի որոշակի ներհոսք է նկատվել։ Պատկերասրահից հայտնել են, որ արվեստի որևէ գործի վնաս չի պատճառվել։ Սրահը վաղը առավոտյան կբացվի այցելուների համար սովորական ժամին։
Ջուրը ներթափանցել է նաև Պալացո Պիտտիի պալատ։ Ֆլորենցիայում գտնվող Վերածննդի դարաշրջանի այդ կոթողը կառուցվել է 1446 թվականին։ Ջրի տակ են անցել Պալատինյան պատկերասրահի և Ժամանակակից արվեստի պատկերասրահի հատակները, ինչի պատճառով փակվել են որոշ ցուցասրահներ։