Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

5 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ նման խոսույթը չի համապատասխանում խաղաղության նկատմամբ անհրաժեշտ խնամքով վերաբերմունքի տրամաբանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։

Պատգամավորը, անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդումներին, վարչապետին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է։

Փաշինյանը պատասխանել է, որ Գանձասարի ծագման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն արդեն ներկայացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի միջոցով։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ անիրագործելի է համարում խնդիր դնել Գանձասարի հայկական ծագումն Ադրբեջանի համար ապացուցելու ուղղությամբ։

«Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մենք պետք է արձանագրենք, որ անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու։ Եվ էլի եմ ասում՝ մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք»,- նշել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հաջիևի հայտարարությունների ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։

«Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պաշտոնյայի կողմից Գանձասարի վերաբերյալ արված հայտարարություններն այս համատեքստում անընդունելի են։

«Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»,- հայտարարել է Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ, չնայած նման դրսևորումներին, Հայաստանը պետք է շարունակի խնամքով վերաբերվել խաղաղության գործընթացին։

«Մյուս կողմից, սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ։ Ընդ որում՝ սա նոր չէ, որ մենք ասում ենք։ Ես դրա մասին ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին Գանձասար և Դադիվանք։ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության» մաս։

Գանձասարում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր նաև Մատենադարանի նախկին մասնաճյուղում մնացած ձեռագրերի կրկնօրինակների դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով հայկական կողմի կողմից պատմության կեղծման իր պնդումների համատեքստում։

Սեպտեմբերի 14-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը պարզաբանել էր, որ Գանձասարում ցուցադրված մատյանները երբեք բնօրինակներ չեն եղել․ դրանք հատուկ թանգարանային ցուցադրության համար պատրաստված բարձրակարգ կրկնօրինակներ են, որոնց համապատասխան բնօրինակները պահպանվում են Երևանի Մատենադարանում։ Ցուցադրության համար կրկնօրինակվել են ընտրված՝ առավել արժեքավոր էջերը, իսկ մյուս թերթերը թողնվել են դատարկ։

Հայերեն English Русский

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման