Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Լոս Անջելեսի թաղամասերից մեկում սեպտեմբերի 15-ին վթարի է ենթարկվել և բռնկվել NBC-ի տեղական լրատվական ծառայության ուղղաթիռը՝ խլելով առնվազն երեք մարդու կյանք։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ լրագրողները լուսաբանում էին մոտակայքում տեղի ունեցած մեկ այլ վթար՝ արտաճանապարհային մեքենայի և քաղաքային ավտոբուսի բախումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated press գործակալությունը։

NBC4 Los Angeles-ի հաղորդավարուհի Քոլին Ուիլյամսն ուղիղ եթերում հաստատել է, որ հեռուստաալիքի ուղղաթիռը վայր է ընկել մոտավորապես երեկոյան ժամը 19:00-ին։

«Մենք մի քանի րոպեով կհեռանանք՝ մտորելու և կատարվածը գիտակցելու համար», - ասել է նա, որից հետո հեռարձակումը կտրուկ ընդհատվել է։

Ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալների՝ ուղղաթիռը վայր է ընկել Սան Ֆերնանդո Վելիում՝ պահեստային շինության մոտակայքում, այն ​​պահին, երբ լրատվական խմբերը լուսաբանում էին ավտոբուսի վթարը, որի հետևանքով զոհվել էր առնվազն երկու, վիրավորվել՝ վեց մարդ։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության խոսնակ, կապիտան Բրենդեն Սիլվերմանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածներից առնվազն մեկը գտնվել է առևտրային շինության հարակից կայանատեղիում։ Անհայտ է՝ արդյոք մյուս երկու զոհերը գտնվել են գետնի վրա թե՞ ուղղաթիռում։

Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Պաշտոնյաների տվյալներով՝ ուղղաթիռի բռնկումից հետո գետնին այրվել է առնվազն չորս մեքենա և երկու բեռնարկղ։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռի վթարի վայր է ժամանել ավելի քան 50 հրշեջ։ Հրդեհն արագ մարվել է։

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել են, որ կհետաքննեն ուղղաթիռի վթարի պատճառը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում