Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին
3 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարության Լրատվության և հաղորդակցության վարչության տնօրեն Իբրահիմ ալ-Հաշմին նախազգուշացրել է ծանր հետևանքների մասին, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի կենսական նշանակություն ունեցող ջրուղին՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի՝ ամիսներ շարունակվող շրջափակումը և Կարմիր ծովի ափին հութիների վերջին հաջողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Աշխարհն արդեն իսկ բավականաչափ տուժում է Հորմուզի նեղուցի փակման պատճառով, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ այդ իրավիճակին գումարվի նաև Բաբ էլ-Մանդեբի փակումը», - լրագրողների հետ զրույցում ասել է ալ-Հաշմին։
Նա նաև նշել է, որ Կարմիր ծովի հարավային մուտքի փակումն «աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար։
«Մենք արդեն տեսնում ենք հետևանքները.... Ուստի Կատարը հանդես է գալիս հօգուտ դիվանագիտության և երկխոսության», - շեշտել է նա։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Եմենի կառավարական ուժերի օդային գործողությունները հութիների դեմ շարունակվում են Թաիզի շրջակայքում։ Կառավարական ուժերը հայտնել են, որ ռազմական ինքնաթիռները թիրախավորել են հութիների բալիստիկ հրթիռների արձակման կայանքը Թաիզի օդանավակայանում։
Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում F-15 և Typhoon ինքնաթիռներով 54 ավիահարված են հասցրել՝ թիրախավորելով Թաիզի, Լահջի, ալ-Ջաուֆի, Մարիբի և Հաջջայի նահանգները։
Շարժումը շեշտել է, որ «Բաբ էլ-Մանդեբում որևէ խնդիր չկա, և այնտեղով նավարկությունն անվտանգ է, և որ Սաուդյան ռեժիմի՝ միջազգային հանրությանն այս հարցում մոլորեցնելու փորձերն անհիմն են»։
«Եթե աշխարհը ցանկանում է կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է հորդորի Սաուդյան Արաբիային՝ դադարեցնել իր միջամտությունը Եմենի գործերին», - նշված է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:
Զուգահեռաբար հութիները շարունակում են փոխադարձ հարվածները Սաուդյան Արաբիայի հետ, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։