Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

3 րոպեի ընթերցում

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից հութիների դեմ իրականացված ավիահարվածների հետևանքով Թաիզի նահանգի Զուբաբ և Մակբանա շրջաններում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Առողջապահության նախարարության խոսնակը հատնել է, որ ևս երկու մարդ վիրավորվել է։

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև Հոդեյդայի նահանգի Խադիր շրջանում գտնվող համալիրին. կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի հրապարակվել։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան իր հերթին հայտնել է, որ 13 խաղաղ բնակիչ է վիրավորվել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հութիների իրականացրած հարձակումների հետևանքով։

Սաուդյան Արաբիայի հետ դաշնակցող Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հութիներին մեղադրել է խաղաղ բնակիչների սպանության և բռնի տեղահանման համար։

 «Մենք շարունակելու ենք աշխատել հեղաշրջմանը վերջ դնելու և Հոդեյդայի նահանգում ու ամբողջ երկրում պետական ​​իշխանությունը վերականգնելու ուղղությամբ», - հայտարարել է Եմենի վարչապետ Շայա Մոհսեն ազ-Զինդանին։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հութիների ռազմագերիների կոմիտեի ղեկավար Աբդ ալ-Քադեր Մուրթադան հայտնել է, որ Եմենի հարավ-արևելքում կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ շարժումը գերի է վերցրել մոտ 800 մարդու։

«Կարմիր ծովի արևմտյան ափին ռազմական գործողության ժամանակ «Անսար Ալլահ»-ի ուժերը գերի են վերցրել 800 մարդու», - ասել է Մուրթադան։

Անդրադառնալով Եմենում հակամարտությունը լուծելու տարածաշրջանային նախաձեռնություններին՝ նա նշել է, որ «արաբական երկրների կողմից ագրեսիան դադարեցնելուն և Եմենի շրջափակումը վերացնելուն ուղղված ցանկացած ջանք ընդունվում և ողջունվում է»։

Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների  մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:

Հայերեն Русский

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

«ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն դասավանդվում է ՀՀ ավելի քան 4 տասնյակ ավագ դպրոցներում. աշակերտների թվում կան միջազգային օլիպիադայի մրցանակակիրներ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք

Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Երևանում Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան