Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը
4 րոպեի ընթերցում
Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանող պայմանագիրը, որը նպատակ ունի ուժեղացնել համագործակցությունն անդրազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական արժեքների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Նախագիծը նպատակ է հետապնդում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը»,-ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է համագործակցության մեխանիզմներ այն հանցագործությունների դեմ պայքարում, որոնք կապված են վերահսկելի օբյեկտների՝ պետական սահմանով ապօրինի տեղափոխման հետ։
«Պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են թմրանյութերը, զենքը, մշակութային, պատմական, արվեստի արժեքները և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում»,-նշեց փոխնախարարը։
Ղազարյանի խոսքով՝ պայմանագրի հիմքում դրված են մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանումը, գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը և պետությունների ազգային օրենսդրությունների պահպանումը։
«Պայմանագրի հիմնական սկզբունքներն են մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարմանը մասնակցող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովումը, կողմերի ազգային օրենսդրության պահպանումը»,-ասաց նա։
ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակում իրավասու մարմինների խնդիրներից է բացահայտել անդրազգային և միջտարածաշրջանային հանցավոր կապերը, ինչպես նաև այն ուղիներն ու երթուղիները, որոնցով տեղափոխվում են վերահսկելի օբյեկտները։
«Միջազգային վերահսկելի մատակարարման իրականացման ընթացքում իրավասու մարմինների հիմնական խնդիրներն են միջազգային, միջտարածաշրջանային հանցավոր կապերի, ուղիների և վերահսկելի օբյեկտների տեղափոխման երթուղիների հայտնաբերումը, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումն ու պարզումը»,-ասաց Ղազարյանը։
Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում։ ՀՀ կառավարությունը 2026 թվականի մարտի 26-ին հավանություն է տվել պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին և այն ուղարկել Սահմանադրական դատարան։