Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկ Բազինյանը հրդեհվող շենքից փրկել են վեց տարեց մարդու՝ վտանգելով սեփական կյանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է KTLA-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, Mountain Street հասցեում գտնվող տարեցների խնամքի հաստատությունում։ Հրշեջները դեպքի վայր են ժամանել ժամը 16։45-ի սահմաններում, երբ շենքը ամբողջությամբ պատված էր կրակով և խիտ ծխով։

Հրդեհը նկատած եղբայրները, հասկանալով, որ շենքում մարդիկ են մնացել, անմիջապես շտապել են նրանց օգնության։

«Ես դուրս վազեցի և նայում էի մուտքի դռանը, երբ տեսա բուժքրոջը դրսում։ Նա գոռում էր՝ օգնություն է պետք», - պատմել է Ալեքս Բազինյանը։

Նարեկը սկզբում փորձել է այգին ջրելու խողովակով մարել կրակը, սակայն կրակի ուժգնանալուն և ներսից օգնության ճիչերին զուգահեռ եղբայրները հասկացել են, որ պետք է մտնեն շենք։

«Ես մտա այդ մեծ սենյակը և տեսա բոլոր այդ տարեց մարդկանց։ Ոմանք վնասվածքներ ունեին, նրանց ոտքերին արյուն կար։ Մենք բոլորին հերթով դուրս բերեցինք», - պատմել է Ալեքսը։

Շենքում եղել է ութ մարդ՝ երկու բուժքույր և վեց տարեց բնակիչ, որոնց մեծ մասը չէր կարողանում ինքնուրույն քայլել։ Բուժքույրերը փորձել են տարեցներին դուրս բերել այրվող շենքից, սակայն դժվարացել են։

Նարեկը պատմել է, որ շենք մտնելիս տեսել է մի տղամարդու, որն արդեն իսկ վտանգավոր գոտում է եղել։ Նա պատմել է, որ բուժքույրը փորձում էր նրան բարձրացնել, բայց Նարեկը բռնել է տղամարդու ոտքերից և նրան դուրս է քաշել շենքից։

«Շուրջս էի նայում և տեսնում, թե ինչպես է կրակը բարձրանում ու մոտենում ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, և ես գրեթե ոչինչ չէի տեսնում», - ասել է Նարեկը։

Եղբայրներին հաջողվել է շենքից անվտանգ դուրս բերել բոլոր վեց տարեցներին և նրանց տեղափոխել տան դիմացի այգի, որտեղ էլ նրանք սպասել են հրշեջների ժամանմանը։

Նշվում է, որ երիտասարդներին օգնության են հասել նաև երկու այլ հարևաններ։

Վերջին մարդուն շենքից դուրս բերելուց անմիջապես հետո Ալեքսը լսել է ուժեղ պայթյուն։

«Տնից պայթյունի ձայն լսեցի։ Հետ նայեցի և չհասկացա, թե ինչն էր պայթել, պարզապես ուժեղ պայթյուն էր», - պատմել է նա։

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը՝ թույլ չտալով, որ այն տարածվի հարակից տների ուղղությամբ։ Գլենդելի հրշեջ ծառայության պետի խոսքով՝ հավանաբար պայթել է թթվածնի բալոն, ինչի հետևանքով շենքի մի հատված փլուզվել է։

Նշվում է, որ յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով։ Հրդեհի պատճառը դեռևս հետաքննվում է։

Հայերեն العربية English Русский Türkçe

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա