2 րոպեի ընթերցում
Ամերիկացիներն այսօր նշում են 2011 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցը։ ԱՄՆ-ի տարբեր վայրերում, այդ թվում՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում, անցկացվում են այդ ողբերգական իրադարձությանը նվիրված միջոցառումներ և հիշատակի արարողություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ ելույթ կունենա Պենտագոնում։ Նյու Յորքում անցկացվող արարողությանը մասնակցում են նախկին բոլոր նախագահները։
Նյու Յորքում զոհերի հիշատակը հարգում են՝ յոթ անգամ պահելով մեկ րոպե լռություն՝ նույն ժամերին, երբ տեղի են ունեցել հարձակմանը հաջորդող գլխավոր իրադարձությունները՝ առավոտյան 8:46-ին, երբ առաջին ինքնաթիռը բախվել է Հյուսիսային աշտարակին, 9:03-ին, երբ երկրորդ ինքնաթիռն է բախվել Հարավային աշտարակին, 9:37-ին, երբ առևանգիչները ինքնաթիռն ուղղել են դեպի Պենտագոն, 9:59-ին, երբ փլուզվել է Հարավային աշտարակը, 10:03-ին, երբ ինքնաթիռներից մեկը կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքի մերձակայքում՝ այն բանից հետո, երբ ուղևորները փորձել են ինքնաթիռը հետ խլել ահաբեկիչներից, 10:28-ին, երբ փլուզվել է Հյուսիսային աշտարակը։
Հարձակումների հետևանքով զոհվածների անունների ընթերցումից հետո հայտարարվում է լռության վերջին րոպեն՝ ի հիշատակ նրանց, ովքեր մահացել են սեպտեմբերի 11-ի դեպքերի հետ կապված առողջական խնդիրների պատճառով։
2001 թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ ԱՄՆ-ում առևանգել էին չորս մարդատար օդանավ։ Դրանցից երկուսը նրանք ուղղել էին դեպի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներ՝ այդ պահին Նյու Յորքի ամենաբարձր շենքերը, երրորդը՝ դեպի Պենտագոնի շենքը՝ Վաշինգտոնի արվարձանում։ Չորրորդ ինքնաթիռը նույնպես մեկնում էր դեպի ԱՄՆ մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքի մերձակայքում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 2977 մարդ:
Տարելիցին ընդառաջ, գիշերը հատուկ միջոցառման ընթացքում 2977 անօդաչու թռչող սարք Նյու Յորքի երկնքում պատկերել է կործանված զույգ աշտարակները։