Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում
8 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի ունեցավ գործարար համաժողով՝ «Ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով, որին մասնակցեցին Հայաստանի և Լեհաստանի պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց, որ գերատեսչության նոր անվան առթիվ իրենք ունեն ավելի շատ պարտավորություններ ու պարտականություններ, ինչպես նաև գործընկեր երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության։
«Մեր հյուրընկալած առաջին պատվիրակությունը Լեհաստանից է, որը Եվրոպական միությունում մեր շատ բարեկամ և կարևոր գործընկերն է։ Վերջին տարիներին Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական հարաբերությունները խորանում են, և միաժամանակ ուրախալի է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերն ու հարաբերությունները փորձում ենք հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Եթե դիտարկենք անցյալ տարվա առևտրային ցուցանիշները, ապա կտեսնենք կայուն աճ. 2025 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 19 միլիոն եվրո՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում ավելանալով մոտ 12 միլիոնով»,- ասաց փոխնախարարը։
Նա հավելեց, որ ընթացիկ տարվա մի քանի ամիսներին Հայաստանը տնտեսական դժվարությունների է բախվում հայկական արտադրանքի և հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցում, իսկ Լեհաստանը առաջին երկրներից մեկն էր, որն առաջարկեց իր աջակցությունը, և լեհական շուկան բացվեց հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ինչպես Լեհաստանի կառավարությանը, այնպես էլ լեհական գործարար համայնքի ներկայացուցիչներին, որոնք ակտիվ դեր ունեցան Հայաստանից Լեհաստան արտահանման խթանման գործում։ Այսօր Լեհաստանից եկող պատվիրակության կազմը ինձ վստահություն և հույս է ներշնչում, որ մենք կարող ենք շատ արդյունավետ քննարկումներ ունենալ՝ մեր երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասաց Կոստանյանը։
Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին իր հերթին լեհական պատվիրակության այցը որակեց բացառիկ՝ հավելելով որ, դրանում ընդգրկված են 15 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների առաջատար ձեռնարկություններ՝ սկսած ավանդական արդյունաբերությունից մինչև բանկային համակարգ և ՏՏ ոլորտ։ Բոսացկու հավաստմամբ՝ բոլոր 15 ընկերություններն էլ բարձր մասնագիտական կարողություններ ունեն իրենց համապատասխան ոլորտներում։
«Մեր համագործակցությունը հիմնված է կոնկրետ աշխատանքային հարթակների վրա։ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ ութերորդ նիստը Վարշավայում կայացել է 10 ամիս առաջ. այդ ժամանակ մենք ստորագրեցինք 2025-2027 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզը, որն ընդգրկում է առևտուրը, արդյունաբերությունը, տրանսպորտը, ՏՏ ոլորտը և գյուղատնտեսությունը։ Այնուամենայնիվ, մեր երկկողմ առևտրի ծավալները դեռևս համեմատաբար համեստ են։ Միևնույն ժամանակ, բոլորս համաձայն ենք, որ աճի հսկայական հնարավորություն և ներուժ կա»,- ասաց Բոսացկին
Նա հիշեցրեց, որ Վարշավա կատարած իր վերջին այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերոջ՝ Դոնալդ Տուսկի հետ միասին ընդգծեց Հայաստանի՝ դեպի Եվրոպա ուղղված ռազմավարական կողմնորոշումը և շեշտեց տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ ավելի սերտ համագործակցելու մտադրությունը։
«Հայկական շուկան ոչ միայն Լեհաստանի կառավարության, այլև լեհական գործարար շրջանակների կողմից ճանաչվում է որպես մեծ ներուժ ունեցող շուկա։ Մենք մեծապես ողջունում ենք օտարերկրյա ներդրումների, այդ թվում՝ ԵՄ-ից և Լեհաստանից կատարվող ներդրումների նկատմամբ ձեր որդեգրած «բաց դռների» քաղաքականությունը»,- ասաց Բոսացկին։
Նրա տեղեկացմամբ՝ լեհական պատվիրակության այցի հետ կապված հիմնական ակնկալիքները երկու ուղղություն ունեն։ Առաջինը արժեքավոր գործընկերությունների հաստատումն է, և երկրորդ՝ «Enterprise Armenia»-ի հետ առաջիկա հանդիպման ընթացքում գործնական պատկերացում կազմելը ներդրումային խթանների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ։
Նա պատրաստակամություն հայտնեց՝ կիսվելու վերջին երեք տասնամյակների ընթացքում տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխումների փորձով՝ որպես մի երկրի պաշտոնյա, որն անցել է այդ ճանապարհով և հաջողության հասել։
«Ցանկանում եմ վստահեցնել, որ այստեղ գործող լեհ ներդրողները կարող են լիովին ապավինել Լեհաստանի կառավարության աջակցությանը, և համոզված եմ, որ հենց այս գործարար առաքելությունը, որը ես պատիվ ունեմ գլխավորելու, դրա ևս մեկ օրինակը կլինի։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, Երևանում Լեհաստանի դեսպանությունը՝ ի դեմս գործերի ժամանակավոր հավատարմատար Մատեուշ Ռոլիգի, ինչպես նաև Լեհաստանի առևտրի և ներդրումների գործակալությունը պատրաստ են աջակցել ծագող ցանկացած խոչընդոտի և մարտահրավերի հաղթահարման գործում»,- եզրափակեց Բոսացկին։
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում հայկական կողմը հյուրընկալել է բազմաթիվ գործարար պատվիրակությունների, որոնց թվում ակտիվությամբ առանձնացել են Լեհաստանի պատվիրակությունները։
«Այդ հանդիպումների ընթացքում մենք համոզվեցինք, որ որքան շատ ենք շփվում և միմյանց հետ տեղեկատվություն փոխանակում, այնքան ավելի շատ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս համագործակցության համար։ Իհարկե, հատկապես վերջին երեք ամիսները գյուղատնտեսական տեսանկյունից որոշակիորեն ցնցող էին։ Այստեղ կցանկանայի նաև անկեղծ երախտագիտությունս հայտնել բոլոր այն անհատներին ու ընկերություններին, որոնք ջանքեր են գործադրել մատակարարման նոր շղթաներ ստեղծելու ուղղությամբ՝ դրանով իսկ ամրապնդելով մեր տնտեսական համագործակցությունը։ Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը զգալի ներդրումներ է կատարում մասնավոր հատվածում՝ զարգացնելով նոր ճյուղեր»,- ասաց Խոջոյանը։
Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ դա հանգեցնում է նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճին. վերջին հինգ տարիների ընթացքում այն կրկնապատկվել է։
«Պետական աջակցության բազմազան ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում ոչ միայն տեղական արդյունաբերությունը զարգացնելու, այլև Հայաստան ներդրողներ ներգրավելու համար։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով և առկա ռեսուրսների միավորմամբ մենք կստեղծենք բարգավաճման և աճի նոր հնարավորություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և կառավարությունը նույնպես շահագրգռված են նման գործնական համագործակցությամբ՝ ձգտելով վերացնել բոլոր ավելորդ բյուրոկրատական խոչընդոտները և հնարավորինս արագ խթանել համագործակցությունը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը։