ԵԱՏՄ-Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրով հայկական մի շարք ապրանքների մաքսատուրքերը կնվազեն կամ կզրոյացվեն

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային ու ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական և առևտրային փոխգործակցության համար։

Փաստաթուղթը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ներառելով փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները։

Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում նաև կից ցանկերը, որոնցում ամրագրված են կոնկրետ ապրանքատեսակների համար սակագնային արտոնություններ տրամադրելու կողմերի պարտավորությունները։

Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմի առաջարկներում հիմնականում ներառվել են Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակները։ Մասնավորապես՝ հանքային ջրերի գործող 5 տոկոս մաքսատուրքը համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կզրոյացվի, պահածոյացված մրգերի և բանջարեղենի մաքսատուրքը 20 տոկոսից կնվազի մինչև 0 տոկոս, մրգային հյութերի 5 տոկոս մաքսատուրքը կզրոյացվի, ջեմերի գործող 5 տոկոս մաքսատուրքը կնվազեցվի 50 տոկոսով։

Արդյունաբերական ապրանքների ընտրությունը ևս կատարվել է Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրությունների հիման վրա։ Ցանկում ներառված են պղնձե արտադրանքը, դեղամիջոցները, ոսկերչական իրերը և այլ ապրանքատեսակներ։

Պղնձե արտադրանքի համար գործող 5 տոկոս մաքսատուրքը համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կզրոյացվի կամ երեք տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցվի մինչև 0 տոկոս։

Դեղամիջոցների դեպքում ևս գործող մաքսատուրքը 5 տոկոս է։ Այն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կզրոյացվի, իսկ ապրանքային խմբի առանձին տեսակների համար մինչև 0 տոկոս նվազեցումը կիրականացվի 3-ից 15 տարվա ընթացքում։

Ոսկերչական իրերի գործող 15 տոկոս մաքսատուրքն ապրանքային խմբի առանձին տեսակների համար 5-ից 15 տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցվի մինչև 0 տոկոս։

Սակագնային արտոնությունները կարող են հայկական արտադրանքի համար ավելի մրցունակ մուտքի պայմաններ ստեղծել Ինդոնեզիայի շուկայում։

Քննարկման ընթացքում պատգամավորների հարցերն ու տեսակետները վերաբերել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին, համաձայնագրի վավերացման գործընթացի փուլերին և իրականացվող աշխատանքներին, Ինդոնեզիայից ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, ինչպես նաև հայկական ծագման ապրանքների պահանջարկի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Քննարկման արդյունքում համաձայնագրի վավերացման հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին