Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան
7 րոպեի ընթերցում
Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի կայարանի շինարարության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ատոմակայանի օգտագործված վառելիքի պահպանման և վերամշակման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Նախագահի խոսքով՝ էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախատեսվող ծրագրերի իրականացման համար արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այժմ բանակցությունների մեջ է Չեխիայի տրանսպորտի նախարարության հետ՝ հիմնականում նաև Երևանի մետրոյի կայարանի շինարարության հետ կապված սարքավորումների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։
Չեխիան, նախկինում՝ Չեխոսլովակիան, ավելի շատ հայտնի էր հենց տրամվայների և տրոլեյբուսների վագոնների արտադրությամբ, և հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե որքանով է հնարավոր օգտագործել Չեխիայի ներուժը»,- ասաց Խաչատուրյանը։
Նախագահի ներկայացմամբ՝ Չեխիայի հետ քննարկումների մյուս կարևոր ուղղությունն ատոմակայանի վառելիքի պահպանումն է։ Նա հույս հայտնեց, որ կողմերը կկարողանան պայմանավորվածություններ ձեռք բերել՝ այդ ոլորտում Չեխիայի ունեցած հնարավորություններից օգտվելու վերաբերյալ։
«Կարծում եմ՝ պայմանավորվածություններ կլինեն նաև ատոմակայանի վառելիքի պահպանման համար Չեխիայի ունեցած համապատասխան հնարավորություններն օգտագործելու վերաբերյալ։ Չեխիան այսօր հայտնի է այդ բնագավառում, և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն ու մենք կկարողանանք լուծել նաև օգտագործված վառելիքի պահպանման հարցերը, որովհետև դրանք էական նշանակություն ունեն։
Առավել ևս, որ ատոմակայանը սկսել է աշխատել, և մենք ևս հինգ տարի՝ մինչև 2031 թվականն, ունենք լիարժեք թույլտվություն։ Դրանից հետո, հավանաբար, ևս հինգ տարի կունենանք։ Դա նշանակում է, որ օգտագործված վառելիքի պահպանման և վերամշակման հարցը լինելու է օրակարգում»,- նշեց ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն ու Չեխիան համագործակցության ծրագրեր և նախագծեր ունեն նաև այլ ոլորտներում։ Երկու երկրների գործարարների հանդիպման հնարավորություն կարող է ստեղծվել աշնանը նախատեսվող հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Այլ բնագավառներում նույնպես Չեխիայի հետ համագործակցության ծրագրեր, նախագծեր ունենք։ Աշնանը նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, և կարծում եմ՝ պետք է մեր գործարար շրջանակներին միմյանց հետ հանդիպելու հնարավորություն տալ»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը կարևորեց Հայաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և նոր շուկաների հետ աշխատանքի նախապես կազմակերպումը։ Նա հիշեցրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի առջև տնտեսական որոշ դժվարություններ են ծագել, որոնց ԵՄ երկրներն արագ արձագանքել են։
«Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ վերջին երկու ամսվա ընթացքում, երբ տնտեսական դժվարություններ առաջացան։ ԵՄ երկրների կողմից անմիջական արձագանք եղավ։ Վերջերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ագրոպարենային ապրանքների արտահանման ցուցանիշները, և պարզվեց, որ ընդամենը 1,9 տոկոս նվազում ունենք։
Սա արդյունք է այն բանի, որ կարողացանք շատ արագ օգտագործել մեր եվրոպական գործընկերների հետ առկա հնարավորությունները և դուրս գալ այս իրավիճակից։ Հիմա այդ ամենը պետք է ուղղակի նախօրոք անել։ Պաշտոնական այցերի և միջկառավարական հանձնաժողովների հանդիպումների ժամանակ պետք է շատ կոնկրետ խնդիրներ լուծել»,- ընդգծեց Հայաստանի նախագահը։
Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե յուրաքանչյուր երկրի հետ ինչ հնարավորություններ ունի առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար։
Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև Չեխիայի Սենատում անցկացված քննարկումներին՝ նշելով, որ չեխ գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի նկատմամբ։
«Սենատում բավականին հետաքրքիր քննարկում եղավ։ Հետաքրքրությունը շատ մեծ էր։ Նրանք փորձում էին հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բացի պաշտոնական հաղորդագրություններից՝ ցանկանում էին կոնկրետ իմանալ, թե ինչ առաջընթաց և ինչ հնարավորություններ կան։
Նրանք ևս ոգևորված են, որ երկու երկրներն իսկապես գնում են խաղաղության ճանապարհով, և Չեխիան նույնպես կարող է մասնակից դառնալ ու օգտագործել այդ հնարավորությունները»,- մանրամասնեց Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի կարծիքով՝ տարածաշրջանում հետագա հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք և հարևանների հետ խնդիրներն առանց միջնորդների լուծելու պատրաստակամություն։
«Պետք է անընդհատ աշխատել։ Երբ նայում եմ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե լրացուցիչ խնդիրներ չառաջանան, և մենք ինքներս փորձենք մեր հարցերը լուծել մեր հարևանների հետ՝ առանց որևէ միջնորդության, համոզվում եմ, որ հաջողություններ ունենալու ենք՝ անկախ ամեն ինչից։
Այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է առաջիկա հինգ տարվա ծրագրով, և այն հիմնական ուղենիշները, որոնք սահմանվել են Կառավարության ընդունած ծրագրում, հենց դրա մասին են հուշում։ Մենք առաջ ենք նայում, ապագային ենք նայում, իրատեսական քաղաքականություն ենք վարում և միաժամանակ չենք մոռանում այն, ինչ կա իրականության մեջ»,- եզրափակեց Վահագն Խաչատուրյանը։
Նախագահ Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Պետր Պավելի հետ, Չեխիայի Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ելույթով հանդես եկել CEVRO համալսարանում, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։