ԱՄՆ բանակի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Հեգսեթի հետ լարվածության ֆոնին. The Hill
3 րոպեի ընթերցում
ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլն առաջիկա օրերին կլքի իր պաշտոնը Պենտագոնում՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ ամիսների լարվածության ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Դրիսկոլն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ցամաքային զորքերի ներկայիս վիճակը և հրաժարականի դիմում ներկայացրել։
«Դրիսկոլը շատ արդյունավետորեն խթանել է նախագահ Թրամփի «Ամերիկան կրկին ուժեղ դարձնենք» ծրագիրը Բանակի ստորաբաժանումում՝ ակնառու առաջնորդություն ցուցաբերելով պատմական ռազմական գործողությունների ընթացքում, հատուկ ուշադրություն դարձնելով մարտական պատրաստվածությանը և կրակային հզորությանը, օգնություն ցուցաբերելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Գերագույն հրամանատարի և պատերազմի նախարարի հետ նրա աշխատանքի շնորհիվ ԱՄՆ բանակն ավելի ուժեղ է դարձել, քան երբևէ», - The Hill-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին։
Դրիսկոլն ապրիլից նաև ԱՄՆ բանակի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, քանի որ Հեգսեթը հեռացրել էր այդ պաշտոնը զբաղեցնող Ռենդի Ջորջին։ Ըստ աղբյուրներից մեկի՝ առաջիկա օրերին պաշտոնից կհեռանա նաև բանակի փոխնախարար Դեյվ Ֆիցջերալդը։
Ավելի վաղ The Hill-ը հաղորդել էր, որ Դրիսկոլը պատրաստ է պաշտոնը թողնել մինչև Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 7-ը, սակայն Սպիտակ տունը ցանկանում է, որ նա պաշտոնում մնա առնվազն մինչև ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։
Հրատարակությունը նշում է, որ Հեգսեթը և Դրիսկոլն ամիսներ շարունակ ազդեցության համար պայքարի մեջ են եղել։ Նրանց միջև լարվածությունը սրվել է 2025 թվականին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Դրիսկոլին է ընտրել ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցելու համար՝ հույս ունենալով դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։
Պենտագոնի ղեկավարությունը ստանձնելուց ի վեր Հեգսեթը աշխատանքից ազատել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Դրիսկոլի մտերիմներին, հավելում է The Hill-ը։
Հրատարակությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դրիսկոլի փոխարեն Հեգսեթը դիտարկում է Շոն Փարնելին, որն իր ավագ խորհրդականներից է և Պենտագոնի գլխավոր խոսնակը։