Աշխարհ

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի շրջանի Ջուբաթա ալ-Խաշաբ գյուղաքաղաք՝ խուզարկություններ անցկացնելով մի քանի տանը և ձերբակալելով երկու երիտասարդի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ մոտ 100 զինվորից և 15 ռազմական տրանսպորտային միջոցից բաղկացած իսրայելական պարեկախումբը մտել է բնակավայր՝ հավելելով, որ այդ ընթացքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել տարածքում։

Բացի այդ, տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը շարունակում են անտառահատումներ իրականացնել Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայրի մոտակայքում։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

«Ջուսուր» հետազոտությունների կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայում իշխանափոխությունից ի վեր Իսրայելն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հարավում՝ բուֆերային գոտու ներսում և դրա շուրջը ստեղծելով 11 բազաներից և ռազմական կետերից բաղկացած ցանց։

Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների, ինչը սիրիական կողմը որակել է որպես միջազգային իրավունքի կանոնների, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերի և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագրի խախտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում