Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների ժամկետը երկու անգամ կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց սահմանափակել դրանց մասշտաբները՝ դա պատճառաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր սերտ հարաբերություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Երկու երկրների զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 17-ին մեկնարկած ամենամյա «Ուլչիի ազատության վահան» զորավարժությունները, որոնք պետք է տևեին 10 օր, այժմ կավարտվեն օգոստոսի 21-ին։

«Նախագահի և պատերազմի նախարարի ցուցումների հիման վրա նախարարությունը զգալիորեն կրճատել է «Ուլչիի ազատության վահան» զորավարժությունները՝ միաժամանակ շարունակելով մարտավարական կարողությունները բարելավող վարժանքները», - ասել է Պենտագոնի պաշտոնյան։

Նա հավելել է, որ զորավարժությունների հետ կապված որոշ վարժանքներ կրճատվել են, որոշ միջոցառումներ՝ չեղարկվել, սակայն այդ փոփոխությունների արդյունքում, միևնույն է, պահպանվում են կարևոր պատրաստվածությունը և զորավարժությունների նպատակները։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ զորավարժությունների «ժամկետները և մասշտաբները մասամբ փոփոխելու» որոշումը կայացվել է «ԱՄՆ-ի խնդրանքով»։

Օգոստոսի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին կրճատել զորավարժությունների մասշտաբները՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լավ հարաբերությունները, զորավարժությունների բարձր արժեքը, ինչպես նաև այն, որ Սեուլը հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ գործողություններին։

Կորեայի Հանրապետությունն ավելի քան 70 տարի եղել է ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցը, երկու երկրներն ունեն փոխադարձ պաշտպանության պայմանագիր, որը հիմնականում նախատեսված է Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից պաշտպանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում