Հայաստան

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

2 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակում ծանոթացել են մարզի ջրային տնտեսության առաջնահերթ խնդիրներին, առկա ենթակառուցվածքների վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեն։

Այցը մեկնարկել է «Տավուշ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) Նոյեմբերյանի տեղամասի գրասենյակում աշխատանքային խորհրդակցությամբ, որին ներկա են եղել «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրեն Ռոման Ահարոնյանը, տեղամասի պատասխանատու Հայրապետ Առուստամայանն ու Ընկերության մի շարք աշխատակիցներ։

Այնուհետև Նոյեմբերյանի շրջանում ՋԿ ղեկավար կազմն այցելել է «Զեյթուն-Հաղթանակ» և «Զեյթուն 1» պոմպակայաններ, ինչպես նաև հայ-վրացական սահմանային գծի հարակից հատվածով անցնող ջրանցք։ Տեղում ուսումնասիրվել են ջրանցքի վնասված հատվածները, քննարկվել դրանց վերականգնման և խնդրի հրատապ լուծման հնարավոր տարբերակները։

Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է նաև Դեբեդավանի մայր ջրանցքը, մասնավորապես՝ կոլեկտորադրենաժային հատվածները, ինչպես նաև Բերդավանի նորակառույց պոմպակայանը։

Ջրային կոմիտեի ղեկավար կազմն այցելել է նաև «Gardenia Lebanese Farms» տնտեսություն, որտեղ ծանոթացել է սոճու ընկույզի, մայրու ընկույզի (փիճի), պեկան ընկույզի, շագանակի և իտալական ընկույզի մշակությանը։ Տեղում քննարկվել են նաև հողերի նպատակային խոշորացման գործընթացի համատեքստում գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման, ոռոգման հնարավորությունների ընդլայնման և գյուղատնտեսական արտադրության զարգացման հեռանկարները։

Մարզային այցի ընթացքում ամփոփվել են Տավուշի մարզի ջրային տնտեսության առաջնահերթ խնդիրները, այդ թվում՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման, ջրամբարների անվտանգության մակարդակի բարձրացման, ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները, նախանշվել են դրանց լուծման հետագա քայլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում